Հայաստանը` ԱՄՆ-ի կարևոր գործընկեր
Հայաստանը դարձել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Խաղաղապահության նախաձեռնություններին աջակցող GPOI ծրագրի գործընկեր պետություն: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատունը: Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացման նպատակով ակնկալվում է, որ Միացյալ Նահանգները երկու տարվա ընթացքում կտրամադրի 1.5 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն:
Այսօր պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցությունը, որին ներկա էր նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ դոկտոր էվելին Ֆարկասի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին ԱՄՆ պաշտպանության քարտուղարի գրասենյակի, ԱՄՆ եվրոպական հրամանատարության, Կանզասի ազգային գվարդիայի և ԱՄՆ Պաշտպանության և անվտանգության համագործակցության գործակալության պաշտոնյաները:
GPOI ծրագիրը ներկայումս գործակցում է 69 երկրների ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ:
Խուրհրդակցության արդյունքում կողմերը գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության արդյունքներից և պատասխանել են լրագրողների հարցերին: ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ դոկտոր էվելին Ֆարկասը նշել է, որ Հայաստանը ԱՄՆ-ի համար կարևոր գործընկեր է հանդիսանում մի քանի ուղղություններով. «Որպես գործընկեր Կովկասյան տարածաշրջանում, տարածաշրջանում կայունության ապահովման գործում և այլն: Եվ ես գիտեմ, որ այդ հարաբերությունները այս տարի իրենց տասնամյակն են նշում»:
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն էլ իր հերթին նշել է, որ պաշտպանական ոլորտում Հայաստանի համագործակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ էլ ավելի է զարգանալու ու խորանալու. «Մեր համագործակցությունը հիմնականում կենտրոնացված է ԶՈՒ փոխգործակցելի կարողությունների, մասնավորապես` միջազգային անվտանգության պահպանմանը և խաղաղապահ կարողությունների ապահովմանը»: