Մինսկի խումբը դուրս կբերի՞ դիպուկահարներին
1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ հրադադարի մասին համաձայնագիրը, որը Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ կնքվել է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջեւ:
Սակայն առ այսօր Ադրբեջանական կողմը խախտում է հրադադարի պայմանները: Մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 14-ին հակառակորդի կրակից զոհվել է պայմանագրային զինծառայող, շարքային Հրանտ Սերյոժայի Պողոսյանը: Այս առիթով խոսեցինք ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հետ:
«Առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հարցը Մինսկի խմբի հարցն է, ոչ թե մեր, այսինքն` ԵԱՀԿ-ինը, բայց ընդհանուր մարդկային արժեքների համատեքստում, յուրաքանչյուր մարդու մահ, անկախ նրանից՝ զիվորական է, թե ոչ, առավել ևս խաղաղ պայմաններում ոչ մի բառով չի կարող արդարացվել: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մեղավորներն անպայման պատժվեն, սա, իհարկե, իմ սուբյեկտիվ կարծիքն է»:Փաստն այն է, որ ամեն անգամ կոնկրետ մեղավորներ չեն «հայտնաբերվում» ու չեն պատժվում։
«Այս պարագայում վստահ կարող եմ ասել` այս հարցով արդեն զբաղվում են, չէ՞ որ սա միակ դեպքը չէ, ցավոք սրտի և միակ զոհը չէ: Հուսանք, որ սա վերջինն է, բայց ինչպես ասում են՝ հուսալը քիչ է: Կարծում եմ, որ Մինսկի խումբն անմիջապես զբաղվում է այս հարցով: Կարծում եմ, որ Մինսկի խմբի մեծ ձեռքբերումն է այն, որ չկա պատերազմ և խաղաղություն է:
«Խաղաղություն է տեսականորեն, բայց գործնականում մենք այլ պատկեր ենք տեսնում»,- մեր դիտարկմանն ի պատասխան Սորոկինն ասաց. «ԵԱՀԿ-ն, Մինսկի խումբը և 3 պետությունների՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, առաջնորդները զբաղված են նրանով, որ գոնե դիպուկահարներին դուրս բերեն 2 պետությունների սահմանից, եթե այս հարցը լուծվի `արդեն կարող ենք ասել, որ հասել ենք որոշակի լուրջ և կոնկրետ արդյունքների»։
Հիշեցրինք, որ Ադրբեջանական կողմը դեմ է դիպուկահարների դուրսբերմանը շփման գծից։ Սորոկինն արձագանքեց. «Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շատ հարցերի լուծման է դեմ, անգամ այն հարցերի, որոնք Մինսկի խմբի առաջնորդները դնում են Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների առջեւ»: