Հ. Գալստյանի սպանողին դեռ չեն հայտնաբերել (տեսանյութ)
19 տարի առաջ դեկտեմբերի 19-ին սպանվեց Երեւանի քաղխորհրդի նախկին նախագահ Համբարձում Գալստյանը։ Նա ծնվել էր դեկտեմբերին, դեկտեմբերին ձերբակալվել էր որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, դեկտեմբերին նշանակվել Երեւանի ղեկավարի պաշտոնում եւ ազատվել դեկտեմբերին:
Համբարձում Գալստյանը Հայաստանի քաղաքական դաշտ մտավ որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ երկրաշարժից ընդամենը երեք օր առաջ։Մոտ 20 օր հետո ձերբակալվեց։ Կես տարի հետո Մոսկվայի Բուտիրյան բանտից ազատ արձակվեց եւ մյուս անդամների հետ Ազատության հրապարակ մտավ մարդկանց ձեռքերի վրա. «Մենք պարտական ենք մեր ժողովրդին մեր ազատության համար»՝ ասաց նա։
Հայաստանը դեռեւս անկախ չէր, երբ 35-ամյա Համբարձում Գալստյանը նշանակվեց Երեւանի քաղխորհրդի նախագահ։ Մասնագիտությամբ պատմաբան Համբարձում Գալստյանի օրոք Հանրապետության հրապարակից իջեցվեց խորհրդային պետության հիմնադիր Վլադիմիր Լենինի արձանը։ Որովհետեւ ըստ Համբարձում Գալստյանի՝ այդ մարդն է մեղավոր Նախիջեւանը եւ Ղարաբաղը ադրբեջանցիներին տալու համար։
Քաղաքապետի պաշտոնում Համբարձում Գալստյանը առանց վառելիքի մնացած Երեւանի համար Ուկրաինայից բերեց ածուխ, ասում են՝ դա դուր չեկավ մարդկանց, որոնք ավելի թանկ վառելիք էին ներկրում եւ վաճառում Հայաստանում։ Իր աթոռը նա թողեց, երբ էներգետիկ ճգնաժամը եւ արտագաղթը նոր էր թափ առնում։
Նա սպանվեց, երբ 39 տարեկան էր։ Առ այսօր մարդասպանին չեն հայտնաբերել։ Նրա գերեզմանին մի խելոք մարդու խոսքերն են՝ հեղափոխությունները նախապատրաստում են ռոմանտիկները, իրագործում են ֆանատիկները, իսկ արդյունքներից օգտվում են սրիկաները։