Պուտինը օնլայն ասուլիս տվեց 7-րդ անգամ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերաբերմունքը Վրաստանի ղեկավարության հանդեպ փոխվել է, իսկ վրաց ժողովրդի հանդեպ` ոչ: Այս մասին այսօր հայտարարեց ՌԴ նախագահը՝ լրագրողների հետ ամենամյա օնլայն-ասուլիսի ընթացքում, որին մասնակցում են հազարավոր լրագրողներ Ռուսաստանից եւ այլ երկրներից:
«Վրաց ժողովրդի նկատմամբ նույնիսկ պատերազմական շրջանում վերաբերմունքը բարեկամական է եղել: Ես չեմ կատակում եւ չեմ հեգնում, դա այդպես է, որովհետեւ մենք խորը մշակութային եւ հոգեւոր կապեր ունենք», - նշեց Պուտինը:
Վլադիմիր Պուտինը չթաքցրեց, սակայն, որ երկու երկրների միջեւ կա խնդիր, եւ այն ռուսական կողմի մեղքով չի ծագել:
«Մենք չենք պատերազմը սկսել, դա այժմ արդեն բոլորն են ընդունում: Ձեւավորվել է մի իրականություն, որը մենք չենք կարող անտեսել: Բայց նաեւ չենք կարող անտեսել այն ազդակները, որ գալիս են վրացական նոր իշխանությունների կողմից»,- ասաց Ռուսաստանի առաջնորդը:
Պուտինը հայտարարեց, որ հարաբերությունները վերականգնելու ճանապարհին արդյունավետ միջոց կարող է դառնալ վիզային ռեժիմի վերացումը. «Դա կօգնի մարդկանց շփվել մեկմեկու հետ, վրացական ձեռնարկություններին` աշխատել»։
Նկատենք, որ սա Վլադիմիր Պուտինի` որպես ՌԴ նախագահ 7-րդ ասուլիսն է՝ օնլայն տարբերակով, իսկ ընդհանրապես՝ 9-րդը, ի տարբերություն Սերժ Սարգսյանի. նա ընդհանրապես ասուլիս չի կազմակերպել, որին կարող էին մասնակցել բոլոր լրատվամիջոցները։