Պատգամավորները դիմեցին ՍԴ
Այսօր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Ազգային ժողովի նախագահին 36 պատգամավորի ստորագրությամբ հանձնեցին Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքի նախագծի մի քանի դրույթների սահմանադրականությունը վիճարկող դիմում-բողոքը, որն ուղղված է Սահմանադրական դատարանին։
«Ա1+»-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարզապես ի գիտություն է ընդունել փաստաթուղթը եւ ինչպես կարգն է` այն հանձնել ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանին` ընթացք տալու եւ 24 ժամվա ընթացքում ՍԴ դիմելու համար:
«ԱԺ նախագահից որեւէ գնահատական կամ կարծիք չէինք էլ ակնկալում, քանի որ կարծիք պետք է ներկայացնի ՍԴ-ն: Փաստաթղթում նաեւ նշված է միջնորդության մասին` հետաձգելու 2014թ. հունվարի մեկից ուժի մեջ մտնող օրենքի կիրառումը` մինչեւ ՍԴ որոշման կայացումը:
Ես երբեւէ լավատես չեմ եղել ՍԴ մասով, վստահ եմ, որ ՍԴ-ն չի բավարարելու մեր դիմումը, բայց սա է իրավական գործընթացը, սա է գործընթացի հերթական օրինական սահմանադրական քայլը եւ մենք այդ ճանապարհներով պետք է շարժվենք առաջ»,- նշում է Նաիրա Զոհրաբյանը:
Արմեն Ռուստամյանը նշում է, որ թույլ չեն տա՝ երիտասարդ սերունդը համալրի խաբված ավանդատուների շարքերը:
«Լավատեսություն ունենք, սակայն, բնականաբար, հանրապետության նախագահի հայտարարություններից հետո մի քիչ, իհարկե, նախադեպեր ունենք, որ ՍԴ-ն ազդվում է այդ հայտարարություններից»,- ասում է Արմեն Ռուստամյանը։
Հիշեցնենք՝ օրերս Սերժ Սարգսյանն այս առնչությամբ նշել էր. «Մենք փաստաթղթին տվել ենք օրենքի նախագծի տեսք, ուղարկել ենք Ազգային ժողով և, փառք Աստծո, արդեն ունենք քվեարկված օրենք, որին իմ վերաբերմունքը դրական է:
Ես ամեն օր լսում եմ տարբեր կարծիքներ, ընդ որում՝ այդ կարծիքները շատ հեշտությամբ կարելի է բաժանել քաղաքական և մասնագիտական տեսակների. և՛ քաղաքականում, և՛ մասնագիտականում մշտապես առկա է և՛ մակերեսայնություն, և՛ բավականին խորքային մոտեցում: Կուզենայի, որպեսզի բոլոր նրանք, որոնք համարում են այս բարեփոխումը օգտակար, շատ ավելի ակտիվ լինեին»: