Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հակոբ Ինջիղուլյանին ճնշում են»

Քաղաքականություն
613408bd5eacf60ae0f178d81dd02876

«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ նախագահ Ռիմա Առաքելյանը չի կարծում, որ գերեվարված հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը ցանկանում է վերադառնալ երրորդ երկիր։
«Դուք տեսաք, նրան Ադրբեջանի զինվորական շորերը հագցրել էին եւ ինչպես էր խոսում։ Նրա մայրն էլ է ասում, որ նրան ստիպում են, որ գնա»,- ասաց Ռիմա Առաքելյանը։

Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամը համոզված է, որ Հակոբը ցանկանում է վերադառնալ Հայաստան, իսկ
Ադրբեջանը պարտադրված ուզում է նրան ուղարկել 3-րդ երկիր։

«Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասում է, որ ամեն ինչ պետք է անենք նրան հայրենիք վերադարձնելու համար»,- հիշեցնում է տիկին Առաքելյանը։

Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանը գերության մեջ է հայտնվել այս տարվա օգոստոսի 8-ից։
Անդրադառնալով գերիների խնդրին՝ Ռիմա Առաքելյանը նշեց, որ մեր պետությունն ամեն ինչ անում է նրանց վերադարձնելու համար, սակայն հակառակ կողմից քայլեր չեն ձեռնարկվում։ Նշվում է, որ Ադրբեջանում 90 հայ գերի է հայտնաբերվել։ Բոլոր տվյալները փոխանցվել են Կարմիր Խաչի միջազգային ընկերությանը։ Սակայն Կարմիր Խաչն էլ պարտադրելու լիազորություններ չունի։ Ռիմա Առաքելյանի խոսքով՝ նրանք իրենց կամքով պետք է գերիներին վերադարձնեն։

Ի դեպ, Հայաստանում գերի չկա, լինելու դեպքում էլ անմիջապես հանձնում են։