ԲՀԿ պատգամավորը հույսը չի կորցնում
ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հույս ունի, որ ՍԴ-ն հաշվի կառնի բոլոր այն անիրավաչափ դրույթները, որոնք ներառված են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծում, ինչպես նաեւ հանրության պահանջը։
«Շատ ակտիվ քաղաքացիներ համարում են, որ սա իրենց շահերին հակասող որոշում էր»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Նրա խոսքերով՝ ոչ միայն ԲՀԿ-ն, այլ նաեւ ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունները եկել են այն համոզման, որ փոփոխությունը չի բխում հանրության շահից եւ երկրի իրավիճակի հետ անհամադրելի է։
Հիշեցնենք, որ վաղը ԱԺ չորս խմբակցությունները (ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն») կդիմեն Սահմանադրական դատարան: Պատգամավորների պահանջը Սահմանադրական դատարանից կլինի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելը, ինչպես նաև ՍԴ ներկայացվող դիմումը կպարունակի միջնորդություն՝ 2014թ. հունվարի 1-ից կասեցնել օրենքի գործադրումը: