Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպանն ու արտգործնախարարը չեկան

Քաղաքականություն
5a806c89cf65b2c074f35275536e9215

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ հանրային քննարկում` «Վիլնյուսից հետո. ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները» խորագրով: Քննարկմանը հրավիրված էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան և ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, որոնք ներկա չէին:

«Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը քննարկման ընթացքում կարծիք հայտնեց, որ սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի որոշումից հետո` միանալ Մաքսային միությանը, Հայաստանի զարգացման վեկտորը ոչ մի նկարագիր չունի. «Մենք երևի թե պետք է ապավինենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին»:

Գյումրու «Ասպարեզ» մամուլի ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը նկատեց, որ քննարկմանը ներկա չեն հայ պաշտոնյաները. «Հավանաբար ժրաջանորեն զբաղված են գոյություն չունեցող Մաքսային միության անդամակցության աշխատանքներով: Իսկ ինչ վերաբերում է գագաթնաժողովին, ապա հատուկ նշեմ, որ Վիլնյուսում հռչակագիր չստացվեց, այլ եղավ հայտարարություն: Այդուհանդերձ Վիլնյուսից հետո մեր երկրում ընդդիմությունը այդպես էլ չկարողացավ ընդհանրական ուղու վրա կանգնել և ոչ ասել Մաքսային միությանը»:

Քննարկմանը ներկա «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր զորակցությունը հայտնեց Ուկրաինայի քաղաքացիներին, ովքեր բողոքի ցույցերի են դուրս եկել. «Նրանք ոտքի են կանգնել իրենց երկրի ղեկավարի` Վիկտոր Յանուկովիչի միանձնյա որոշման դեմ: Մենք ողջունում ենք այդ քայլը»: