Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեծ վտանգ կա ինքնիշխանության կորստի»

Քաղաքականություն
e345d18ca721206a8baacb5ead290e93

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը երեք օրից ավել չի կարողանում մնալ եվրոպական որեւէ երկրում. «Մենակ ես զգում քեզ, ինչքան էլ շատ ընկերներ ունենաս»։

Ռուսաստանում պատգամավորն ավելի երկար է մնում։ Եվ Հայաստանում Ռուսաստանի հակառակորդներին զգուշացնում է՝ մի քննադատեք ռուսներին։ Մենք, ըստ նրա, պետք է դաս քաղենք վրացիների հակառուսական տրամադրություններից. «Մի գիշերում, երկու գիշերում վրացիքի հերն անիծեցին, թալանեցին ճամփեցին»։

Պատգամավորը ողջունում է մեր ընտրությունը դեպի Մաքսային միություն՝ լավ է ռուսների հետ նույն ճանապարհով քայլելը. «Մաքուր պիտի էթանք, իրանք էլ մեր հանդեպ մաքուր ըլնեն»։

Հայաստանի եվրոպական կողմնորոշման մասին պատգամավորն այսպես է արտահայտվում՝ եթե ուզում է, որ մենք ընկերներ լինենք, թող առաջին քայլը կատարի. «Չի էլ կարա անի, որովհետեւ ընդեղ ուրիշ կյանք ա, վատ կյանք կարելի ա ասել, լավ չէ»։

Մաքսային Միության հակառակորդները գիտեն, թե իշխանությունն ինչ է հասկանում վատ կյանք ասելով՝ միասեռականներ եւ աղանդավորներ։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասում է «Ժողովուրդը քարոզչության զոհ է, եւ այս քարոզչությամբ, մանավանդ մեր ժողովուրդն էլ շատ հարցերում դեռեւս, էսպես ասած, պայմանական ասած ադաթային մտածողության մեջ է, սրանով շատ լավ կարողանում են շահարկել այն, ինչն իրանից որեւէ վտանգ չի ներկայացնում»։

Ավետիք Իշխանյանը հանգստացնում է հանրապետականներին՝ սեռական փոքրամասնությունները ձեզ չեն սպառնում։ Նրանք ամենուր էլ թվային նույն տոկոսն են կազմում, նրանք այդպես են ծնվում եւ Հոլանդիայում, եւ Հայաստանում. «Նրանց նկատմամբ որեւէ ոտնձգություն եւ այլն, ցույց է տալիս այդ հասարակության ցածր տոկոսը»։

Պարոն Իշխանյանը չի էլ տեսնում որեւէ հնարավորություն, որ Հայաստանը առաջիկա մի քանի տարիներին կմոտենա Եվրոպային, հայերը շատ են անտարբեր. «Այս անտարբերության պայմաններում Հայաստանը ոչ միայն դեպի Եվրամիություն չի գնում, այլեւ մեծ վտանգ կա ինքնիշխանության կորստի»։

Դա չի խանգարի, սակայն, որ Հայաստանում իշխանափոխություններ լինեն, դրանք լինում էին նաեւ Խորհրդային Հայաստանում. «Այժմ շատ ավելի կատաղի պայքար է գնալու Հայաստանի ինչպես հանրապետական կուսակցության եւ իշխանական, այնպես էլ այլ կուսակցությունների՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, նրանց միջեւ ավելի հաճոյանալու Ռուսաստանին, որովհետեւ լծակներն ավելի են մեծանում ներքին իշխանափոխությամբ իշխանության գալու համար»։