«Ֆյուլեի ակնկալիքները իրականություն չեն դառնա»
ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական Հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Հայաստանի իշխանություններին հորդորել է հետաքննել նախկինում քաղաքացիական ակտիվիստների հետ տեղի ունեցած դեպքերը և երաշխավորել, որ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:
Հայաստանում Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը հիշեցնում է` դեռևս սեպտեմբերի 5-ին ծեծի էին ենթարկվել Երեւանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանը և «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանը, բայց առ այսօր ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել. «Ակնհայտորեն հետաքննությունը այդ հարցով ոչ պրոֆեսիոնալ է արվում և կասկածներ ունենք, որ միտումնավոր է ոչ պրոֆեսիոնալ արվում: Ցավոք, պարոն Ֆյուլեի ակնկալիքները այդ ուղղությամբ դժվար թե իրականություն դառնան»:
Ոստիկանական համակարգից ակնկալիքներ չունի նաև ակտիվիստ Գոռ Առաքելյանը, ով քաղաքապետարանի դիմաց շուրջ 100 օր նստացույց իրականացնողներից մեկն էր: Նրան ծեծի էին ենթարկել հակապուտինյան ակցիաներից հետո:
Գոռը ոստիկանությանը չի դիմել, քանի որ վստահ է. «Իշխանության կողմից ոստիկանության ձեռքով բազմիցս է եղել այդպիսի ճնշումներ»:
Չնայած ճնշումներին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները վստահեցնում են` շարունակելու են իրենց պայքարը, իսկ Եվրոպական կառույցները հուսով են, որ Հայաստանի կառավարությունը ի վերջո կապահովի իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիների անվտանգությունը: