ԱԺ նախագահի ու Զ. Փոստանջյանի վեճը
ԱԺ-ում «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» օրենքի քննարկումները գնալով ավելի սուր բնույթ ստացան ու հերթը հասավ միմյանց վիրավորելուն:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ԱԺ ամբիոնից իր ելույթում մատնացույց արեց այն փաստի վրա, թե ինչպես է տեղի ունենում շահերի բախումը. «Իմ թիկունքում նստած պարոն Աբրահամյանը հանդես եկավ արտահերթ ելույթով ու անհայտ է, որ նա ունի իր շահը ձկնաբուծության ու ստորգետնյա ջրերի օգտագործման հարցում: ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, որը քիչ առաջ ելույթ ունեցավ, ներկայացնում էր փոքր ձեռնարկատերերի շահը: Խնդրի լուծման համար ուղղակի պետք է վերացնել մենաշնորհները, այլ ոչ թե սանկցիաների միջոցով հարց կարգավորել: Խոշոր ձեռնարկատերերն ատամներով պահում իրենց շահերը: Ես՝ որպես փաստաբան, ձեզ՝ պարոն Աբրահամյան, խորհուրդ կտայի արտահերթ ելույթով հանդես չգալ, քանի որ դա տգեղ երեւույթ էր, որ խոշոր տնտեսվարողները, ի դեմս ձեզ, փորձում են ատամներով պաշտպանել իրենց շահը»:
«Տիկին Փոստանջյան, ես արտահերթ ելույթով ձեզ կպատասխանեմ»,- արձագանքեց Հովիկ Աբրահամյանը: ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանն իր ելույթում փորձեց համեմատություններ անել ընդդիմադիր որոշ պատգամավորների ելույթների ու ճանճի միջեւ. «Ճանճին բռնում են, դնում են սեղանին՝ ասում են թռի, ու նա թռնում է, ճանճի թեւերը կտրում են, ասում են՝ դե թռի, նա չի թռնում, քանի որ նրա ականջները թեւերի վրա են, այստեղից եզրակացություն՝ որոշ ելույթներ անիմաստ էին»:
Հովիկ Աբրահամյանն իր արտահերթ ելույթում հայտարարեց, որ ուզում է անդրադառնալ մի քանի հարցի պարզաբանման, որը պետք կգա ոչ ընկալունակ պատգամավորներին, որոնք իր նախորդ ելույթի ժամանակ զբաղված էին բամբասանքով. «Ես չէի ամաչի ու կասեի, եթե ձկնաբուծության բիզնես ունենայի: Կան պատգամավորներ, որոնք հստակ պատվերներ են կատարում իմ դեմ մամուլի միջոցով, եւ եւս մեկ պատվիրատու հանդես եկավ, որը դահլիճում նստած է ու այդ հոդվածները ինքն է պատվիրում: Սուտ հերյուրանքներ են տարածվում մամուլում իմ մասին, ես խորհուրդ կտայի, որ այդ պատգամավորը (նկատի ունի Զարուհի Փոստանջյանին-խմբ.) զբաղվի իր ընտանիքով ու իր երեխաների դաստիարակությամբ»:
Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ Զարուհի Փոստանջյանը փորձում է Քրիստոսի դերակատարություն ստանձնել ու մարդկանց պրոբլեմները լուծել. «Ամոթ է, ամոթ, կոնկրետ գործով դա ապացուցեք, ոչ թե Աբրահամյանի վրա հոդվածներ պատվիրեք՝ գումարներ վատնելով: Այդ գումարները լավ կլինի, եթե տանեք մանկատներ, ծերանոցներ, այլ ոչ թե գումարները տալ հաստավիզ մամուլի որոշ ներկայացուցիչների ու հարստացնել նրանց»:
Ի պատասխան Հովիկ Աբրահամյանի՝ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահը հնարավորություն չունի իր խղճի ներքո արտահայտվել, քանի որ ենթակա անձ է. «Կառավարության նախագծին չեք կարող դեմ քվեարկել, քանի որ դուք չեք կարող ինքնուրույն որոշումներ կայացնել: Մամուլին եք վիրավորում, վախենո՞ւմ եք մամուլից: Այստեղ մարդիկ չկան, որ մամուլին պատվիրեն՝ ձեր դեմ գրել՝ ձեր մասին տեղեկատվությունը բոլորին էլ մատչելի են, քաղաքացիները հասկանում են՝ որ երկրում են ապրում, ու լրագրողներն էլ հասկանում են՝ ով-ով է: Եթե հորդորում եք զբաղվել բարեգործությամբ, լավ կլինի ձեր պաշտոնը թողնեք, եւ երկիրը կառավարեն նորմալ մարդիկ, ովքեր գողությամբ ու թալանով չեն զբաղվի ու գողերին կպատժեն»:
Նա նաեւ անդրադարձավ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը՝ իր գումարները բարեգործական նպատակներով ծախսելու մասին. «Քաղաքացիները կարող են իրենց վաստակը ունենալ, եթե ձեր կառավարությունը չթալանի իրենց ու չմղի արտագաղթի: Իրենց պետք չէ ձեր բարեգործությունը: Եթե խոսում եք արդարությունից, ինչ եղավ ձեր հաղորդագրությունը Գլխավոր դատախազություն՝ Վերահսկիչ պալատի հաշվետվության մասին, ինչու չբողոքարկեցիք դատախազի անգործունակությունը, թե՞ դուք կարող եք միայն խոսել: Դուք լինելով միայն ենթակա, դուք չեք կարող գնալ այդ համակարգի դեմ, քանի որ դուք դրա մի մասն եք կազմում: Ենթակա եք, մնացեք այդ ենթակայության ներքո ու ձեզ համեստ պահեք: Հիմնականում ենթականեր եք հավաքված այստեղ, հակառակ դեպքում չէիք հանդուրժի այն, ինչ կատարվում է երկրում: Տգեղ է, հարիր չէ, քանի որ յուրաքանչյուրդ աշխատանքից հետո գնում եք ընտանիք, ի՞նչ եք ասելու ընտանիքի անդամներին, տասը տարի հետո քանի՞ մարդ է մնալու ՀՀ-ում»:
«Ես ընբռնումով եմ մոտենում ձեր մաղձին, տիկին Փոստանջյան, ես ինչքան պետք է դիմակայեմ ձեր մաղձին, որ դուք ունեք մեր ու մեր իշխանությունների նկատմամբ: Եթե հնարավորություն ունենաք, գոնե մեկ անգամ մեծամասնական պատգամավոր ընտրվեք»,- պատգամավորին կոչ արեց Հովիկ Աբրահամյանը: