Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես ի՞նչ չարություն եմ արել»

Քաղաքականություն
db29b0564293939d7b16342c6bcef80f

ԱԺ արտահերթ նիստն այսօր սկսվեց բուռն քննարկմամբ եւ միմյանց հասցեին վիրավորանքներով: Դեռ երեկ ԱԺ-ն սկսել էր քննարկումները Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ներկայացրած «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի շուրջ:

Ըստ այս նախագծի՝ վերանայվում է ձկնաբուծության նպատակով ջրօգտագործման համար բնօգտագործման վճարի հաշվարկման գործող կարգը: Ապօրինի ջրօգտագործման ծավալները զգալի չափով նվազեցնելու նպատակով ջրօգտագործման թույլտվություն չունենալու դեպքում, սահմանված բնօգտագործման վճարի գործող դրույքաչափերը բարձրացվել են: Եռապատիկ դրույքաչափի փոխարեն օրենքի նախագծով նախատեսվել է տասնապատիկը` Արարատի եւ Արմավիրի մարզերի, հնգապատիկը` մյուս տարածքների համար:

ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանին ու Արփինե Հովհաննիսյանին խիստ վիրավորել էին նախարար Հարությունյանի որոշ ձեւակերպումներ՝ ուղղված պատգամավորներին, թե որոշները մոլորության մեջ են: Նրանք կոռեկտության կոչ արեցին նախարարին՝ հիշեցնելով նրան, որ գտնվում են ԱԺ-ում: Իրավիճակը փորձեց մեղմել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա համերաշխության կոչ արեց եւ հորդորեց այս անգամ կողմ քվեարկել նախագծին՝ հետագայում նախարարից խնդրելով, որ նա համալիր ու ավելի հստակ ծրագիր ներկայացնի:

Նախարար Արամ Հարությունյանն ընդունելի համարեց Հովիկ Աբրահամյանի առաջարկը ու հայտարարեց, որ այդ ճանապարհով էլ գնում են: Նա վստահեցրեց, որ երբեւիցե նպատակ չի ունեցել որեւիցե մեկին վիրավորելու. «Դուք ասում եք՝ մեր տուն եք գալիս, ձեզ խելոք պահեք, բայց ես ի՞նչ չարություն եմ արել: Ես էլ եմ պատգամավոր եղել մեծամասնական ընտրակարգով ընտրված: Եթե երբեւիցե մեկին իմ գործողություններով ու արտահայտություններով վիրավորել եմ, ներողություն եմ խնդրում, իմ նպատակը միայն եղել է այն, որ ճիշտ ներկայացնենք եղածը»: