Թուրք մտավորականը դատապարտում է
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ որեւէ համագործակցություն չի կարող լինել, եթե անտեսվի 1915 թ. ցեղասպանությունը: Այսօր հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց թուրք հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան Ռաջըփ Զարաքօլուն:
Նա 2015 թ-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին, Թուրքիայի հետ մեծ հույսեր է կապում:
«Թուրքիան պետք է ընդունի Հայոց ցեղասպանության փաստը: Ցեղասպանությունը ուրանալը հանցագործություն է: Եթե ԱՄՆ-ն ուրանում է, ուրեմն նա էլ է հանցագործ»,- հայտարարեց թուրք մտավորականը:
Մտավորականի Հայաստան գալու առիթը ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գիրքը թուրքերեն թարգմանելն էր: Այն հրապարակվել է 1500 օրինակով եւ շուտով կվաճառվի նաեւ Թուրքիայում: Նրա խոսքերով՝ թուրք ընթերցողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքերի հանդեպ. «Սա ոչ միայն հայոց պատմություն է, այլեւ թուրքի, վկայությունները վեր հանող պատմություններ են, ուստի նրանց հետաքրքրում է այդ պատմությունը»:
Վերջինս ողջունեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան, սակայն միաժամանակ ափսոսանք հայտնեց, որ գիրքը չի կարողացել նրան փոխանցել մինչեւ Հայաստան այցելելը:
Ի դեպ, հայոց ցեղասպանության ճանաչման հարցում դժգոհ է ոչ միայն թուրքերից, այլ նաեւ եվրոպացիներից: «Թող բարի լինեն եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստեն, հակառակ դեպքում իրենց կեցվածքն անբարո է եւ դատապարտելի»,- նշեց թուրք մտավորականը: