Մի ՀՀԿ-ականը՝ բոլորի համար
ՀՀԿ պատգամավորները քիչ առաջ, երբ քվերակության դրվեցին երեկ եւ այսօր քննարկված Կառավարության մի շարք նախագծեր, դարձյալ քվեարկեցին մեկը մյուսի փոխարեն: Այս անգամ աչքի ընկան նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ Ռուբեն Հովսեփյանը, ՀՀԿ պատգամավորներ Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը: Ի դեպ, եթե Ռուբեն Հովսեփյանը միայն իր անմիջական հարեւանությամբ նստող եւ այդ պահին բացակա՝ Հակոբ Հակոբյանի փոխարեն էր քվեարկում նաեւ, ապա Ալեքսան Պետրոսյանը իր կողքի բոլոր բացակա պատգամավորների փոխարեն քվերակեց, ապա՝ վերեւ նայելով ու տեսնելով լրագրողներին իրեն նկարահանելիս, անմիջապես դադարեցրեց քվեարկելը:
Այս պահին ԱԺ-ում է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն ունկնդրում է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին: Պատգամավորը խոսում է «Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգ»-ի բացասական կողմերի մասին ու տեղեկացնում, որ դեկտեմբերի 17-ին ԱԺ ոչ իշխանական ուժերը քաղաքացիական նախաձեռնության անդամների հետ երթով իրենց դիմումը կներկայացնեն ՍԴ: