«Դավութօղլուի այցը ձևական է»
ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը խորհուրդ է տալիս Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի վաղվա այցից ոչինչ չսպասել:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նկատեց, որ Թուրքիայի արտգործնախարարի` Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հավաքին մասնակցելը ձևական բնույթ է կրում. «Սա ոչ թե Երևան այց է, այլ Երևանում կազմակերպվող հավաքի: Թուրքիան հաջող կերպով տպավորություն է ստեղծել, թե սա հատուկ պաշտոնական այց է, և ինչ-որ բան պետք է ակնկալել հայ-թուրքական հարաբերություններում»:
Պարոն Մանոյանը համոզված է, որ մենք անգամ ակնկալիքներ ունենալու հիմքեր չունենք. «Թուրքիան չի փոխել իր դիրքորոշումը և շարունակում է նախապայմաններով հանդես գալ: Եթե հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիան ինչ-որ բան փոխելու ցանկություն ունենար, հանդիպելու հնարավորությունները բաց չէր թողնի»:
Ըստ նրա՝ Թուրքիան շարունակում է մինչև 2015 թվականը`Եղեռնի 100 ամյակին ընդառաջ, հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժի միֆ ստեղծել. «Վերջերս թուրքական մամուլում լուրեր էին տարածվել, թե Կիևում երկու երկրների նախարարները հանդիպել են, իհարկե, դա հերքվեց, բայց սա նրանց հերթական քայլերից մեկն է:Նպատակն է ցույց տալ, որ դիվանագիտական քայլեր արվում են, բայց մենք լավ գիտենք, որ դա այդպես չէ»,- եզրափակեց նա: