«Կգա ու հետո կջհանդամվի՝ կգնա»
«Բլեֆ, հերթական, բացարձակ սուտ»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով դեկտեմբերի 12-ին պաշտոնական Երևանի հրավերով Հայաստան ժամանող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այցին` ասաց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Ահմեթ Դավութօղլուն Երեւանում պետք է մասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հավաքին:
«Կգա ու հետո կջհանդամվի ու կգնա, Ահմեթ Դավութօղլուն մի կենդանի է, որը ամեն ամիս հակահայկական հայտարարություններ է անում: Մեր գլխին փաթաթված թուրքերի հերթական բլեֆն է. աշխարհին ուզում են ցույց տալ, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց հետո շարունակում են հարաբերությունները: Նրա հայտարարություններից մեկն այն էր, որ ասել էր` մինչեւ այդ ագրեսորը` ՀՀ-ն, դուրս չգա մեր եղբայրների` ադրբեջանցիների հողերից, ոչ մի բանակցություն էլ չի կարող լինել ՀՀ-ի հետ»,- նկատեց պարոն Եղիազարյանը:
Նրա հետ բանավիճող ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին դուր է գալիս, երբ Գուրգեն Եղիազարյանը խոսում է հայհոյելով, ապա ավելացնում է. «Ահմեթ Դավութօղլուի այցը համարում եմ հետեւանք` վարած քաղաքականության: ՌԴ նախագահի` ՀՀ այցից հետո ինչ-որ բան է փոխվել տարածաշրջանում, քանի որ դրանք մեսիջներ էին: Այս պարագայում Դավութօղլուի այցը չէ կարեւոր, այլ մեսիջները: Ի դեպ, նա իր երկրի համար բավականին լավ դիվանագետ է»:
Բանախոսներն անդրադարձան նաեւ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագրին»։ Այդ մասին Լեռնիկ Ալեքսանյանը տեղեկացել է մամուլից: Ըստ նրա` այդպիսով փորձ է արվում նոր քաղաքական ուժ ձեւավորել. «Չգիտեմ` ինչքանով դա կաշխատի, քանի որ նման բաներ եղել են արդեն: Անունն ինչ ուզում են, թող դնել, կարեւորը գործողություններն են. ընդդիմությունն իր դեմքն ու անունն է ուզում փոխել: Ցանկություն կա ձեւավորել նոր ընդդիմություն, սակայն դա այն դեպքում կլինի, եթե նա փոխի իր գործելաոճը. մեր երկրի դժբախտություններից մեկն այն է, որ մենք չունենք առողջ ընդդիմություն»:
Իսկ Գուրգեն Եղիազարյանը նրան հակադարձեց` ասելով, որ իշխանության մեջ սիբիրախտ կա եւ ավելացրեց. «Ցանկացած մարդ, որ դեմ է Սերժ Սարգսյանին, նա իմ բարեկամն է, որը դեմ է հայաթափմանը: Ես որեւէ կուսակցության կամ նախաձեռնության չեմ անդամակցելու, սակայն ողջունում եմ ցանկացած նման քայլ»:
Թե ովքեր են կանգնած Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության ետեւում, պարոն Եղիազարյանը խորհուրդ տվեց չշտապել եզրահանգումներ անել. «Սպասեք էդ երեխան ծնվի, հետո կտեսնենք` ովքեր են նրա ետեւում կանգնած»: