Բյուջեի անարդյունավետ ծախսերը շատ են. ՀՅԴ
Երևանի զարգացման 2014թ. ծրագրի եւ բյուջեի ընդունված նախագիծը անարդյունավետ մոդել է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը:
Անդրադառնալով քաղաքաշինության խնդիրներին՝ Լիլիթ Գալստյանը նշեց, որ կենտրոնի գերկառուցապատումը հասցրել է նրան, որ այդ հատվածները լիովին ծանրաբեռնվում են:Ըստ նրա`այսօր բնապահպանական խնդիրների առումով մայրաքաղաքում խայտառակ իրավիճակ է:
Բյուջեի ծախսերի մասին խոսելով՝ Լիլիթ Գալստյանն ասաց, որ անարդյունավետ ծախսերը բազմաթիվ են. «Քաղաքում կամարների գունազարդմանը բավականին մեծ գումարներ են հատկացնում, մինչդեռ մշակութային դպրոցներում աշխատողների նվազագույն աշխատավարձը 45 000 դրամ է կազմում», - նկատում է ՀՅԴ կենտրոնական մարմնի ներկայացուցիչը:
ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանն էլ ասաց, որ երբ նույն խաչմերուկը մի քանի անգամ է ասֆալտապատվում է, ապա դժվար է խոսել բյուջեի արդյունավետության մասին:
ՀՅԴ անդամ Արթուր Ղազարյանն էլ անդրադարձավ երիտասարդության խնդիրներին: Նրա խոսքով` երիտասարդն իր հայրենիքում լուրջ հեռանկար չի տեսնում, ինչի հետևանքով արտագաղթում են: Նա նաև ավելացրեց, որ 2014թ. Երևանի ծրագրի եւ բյուջեի ընդունված նախագիծը մարդակենտրոն չէ: