Հայաստանը կշարունակի համագործակցել ԵՄ-ի հետ
Հայաստանի Հանրապետության՝ ՄՄ-ին անդամակցելու որոշումը ոչ մի խնդիր չի ստեղծի Սեւծովյան տնտեսական համագործակցության տեսանկյունից. այսօր Սեւծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդի վարչության 47-րդ նիստից հետո հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, Սևծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդում հայաստանյան ներկայացուցիչ Արսեն Ղազարյանը։
«Քանի որ Սեւծովյան համագործակցության մի մասը Եվրոպական միության անդամ է, մի մասն էլ՝ Մաքսային Միության անդամ, մյուս մասն էլ ՄՄ կամ ԵՄ մտնելու գործընթացի մեջ են, այս կառույցը ինտեգրացիոն կամուրջ է լինելու երկու խոշոր տնտեսական միավորների համար։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք, մտնելով ՄՄ, լիարժեք ինտեգրացնելով էդ տնտեսությունը ԱՊՀ տարածքում, մեր կապերը չենք խզում ԵՄ շուկայի հետ, ընդհակառակը, Հայաստանն իր առանձին շրջանակով իր բանակցությունները շարունակելու է և խրախուսելու եվրոպական և օտարերկրյա ներդրումները Հայաստան։ Մենք մեկ-երկու տարում ավելի խոշոր ներդրումներ կունենանք դաշտում, քան մինչ օրս ենք ունեցել, և մենք լինելու ենք երկու միությունների համար բուֆերային հարթակ»,-ասաց պարոն Ղազարյանը։
Նրա խոսքերով, արդեն 21 տարի է՝ 12 երկիր միասնական ծրագրեր են իրականացնում տրանսպորտի, առեւտրի, տուրիզմի, շինարարության ոլորտում։
«Եւ արդեն այս եղած փորձի հիման վրա Սեւծովյան տնտեսական համագործակցությունը ոչ թե հեռացնող, այլ մոտեցնող, ինտեգրացնող հարթակ է լինելու»,-ասաց պարոն Ղազարյանը։