Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

40  վայրկյան

Քաղաքականություն

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել 

 

 

7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1988 Թ. ԱԿԱՆԱՏԵՍ-ՎԵՐԱՊՐՈՂԻ ՆՈԹԵՐ` ԳՐՎԱԾ ՔՍԱՆՀԻՆԳ ՏԱՐԻ ԱՆՑ

07. 12. 1988

Ժամը 8:00 – Առավոտյան մայրս հորդորեց ինձ ու եղբորս դպրոց գնալիս ավտոբուս չնստել, ասելով, թե վատ երազ է տեսել ու պատվիրեց մեզ այդ օրը զգույշ լինել:

Ժամը 8:40 – Ուշացած հասանք դպրոց: Ներս մտնելով նկատեցի, թե ինչպես դպրոցի հավաքարարները մաքրում են առաստաղից թափված ծեփոնները: Ավելի ուշ կիմանանք, որ նախորդ գիշերը երկրաշարժ էր տեղի ունեցել, սակայն ոչ ոք դրան ուշադրություն չէր դարձրել…

Ժամը 10:20 – Ռուսաց լեզվի դասն ազատ էինք, քանի որ մահացել էր ուսուցչի մայրը: Մեզ, չարաճճի յոթերորդ դասարանցիներիս, տեղավորեցին Լ. Ն. Տոլստոյի անվան No. 22 միջնակարգ դպրոցի պիոներ սենյակում, որը տասնիհինգ րոպեի ընթացքում վերածվեց պատառոտված թմբուկների, դրոշների, վզկապների և պիոներական այլ ատրիբուտների մի կույտի: 

Ժամը 11:20 – Դպրոցի ջոկատավարը ներս մտավ պիոներ սենյակ և տեսնելով տեղի ունեցածը, կարկամելով արտաբերեց. “Ձեր կյանքում վերջին անգամ կմտնեք այս սենյակ”: Նրա խոսքերն, իսկապես, մարգարեական էին… Մենք այլևս երբեք չմտանք այդ սենյակ…

Ժամը 11:30 - Սկսվեց աշխատանքի ուսուցման դասաժամը: Տարօրինակ զգացում կար, անհասկանալի մի թմբիր… Մի պահ բացեցինք դասարանի պատուհանը և դրսից արհեստանոց ներխուժեց խորհրդավոր մի մշուշ …Կապեցինք աշխատանքային գոգնոցները և սկսեցին կիսաավարտ մնացած մուրճերի պատրաստման աշխատանքները:

Ժամը 11:40 – Մոտեցա ուսուցչին և մուրճի պատրաստումն ավարտին հասցնելու համար խնդրեցի տափակ խարտոցը: Ընկեր Իսկանդարյանը թեքվեց դեպի դարակը` խարտոցը վերցնելու համար: Այդ պահին դասասենյակը և այնտեղ եղած բոլոր գործիքները սկսեցին ցնցվել ու տարուբերվել: “Ժաժք է փախեք” լսեցի Իսկանդարյանի գոռոցը: Առաջինը դուրս վազելով և մի կերպ հավասարակշռություն պահպանելով փորձեցի հնարավորինս շուտ հասնել ելքին… Այդ վազքը կյանքի ու մահվան վազք էր… Բետոնե սալիկների ու աստիճանների ճռինչը, պատերին կախված կուսակցական առաջնորդների ու քարոզչական պաստառների փշրվող ապակիների ձայնը, աշակերտների ու ուսուցիչների գոռգռոցը իրար էին միախառնվել` ստեղծելով մի իսկական դժոխային վիճակ: Սրան գումարվել էր երկրի ընդերքից դուրս եկող ահասարսուռ ձայնը, որի սարսափեցնող ելևէջները մոռանալ անհնար է: Կարողացա մի կերպ դուրս գալ դպրոցի շենքից ու գտնել եղբորս: Բոլորս փոշոտված էինք ու վախից կարկամած: Ցածր դասարանի աշակերտների լացը, այստեղ ու այնտեղ հնչող գոռոցները իսկական քաոսային տեսարան էին ստեղծել: Նկատեցի առաջին վիրավորներին, դեմքերը, մարմնի մասերն արնաշաղախ… Մի պահ հավատս չէր գալիս, որ դա իրականում է տեղի ունենում… Ավաղ այդպես էր… 

Ժամը 11:46 - սկսվեց երկրորդ ցնցումը և դիմացի բարձրահարկի վերին հարկից “օգնություն” գոռացող երիտասարդ կինը տարօրինակ կերպով անհետացավ տեսադաշտիցս: Փոշու հսկայական ամպ բարձրացավ: Չհասկացա, թե ինչ տեղի ունեցավ, քանի որ կյանքում երբեք չէի տեսել ու պատկերացրել, թե ինչպես կանգուն շենքը վայրկյանների ընթացքում կարող է վերածվել փլատակների: Սկսվեց երրորդ ցնցումը: Բռնվեցի մայթեզրի բարդուց, իսկ ինձանից էլ բռնվեցին ևս երեք հոգի…Առաջին դասարանցիներ էին, վախից սարսափահար եղած…

Ժամը 11:55 - Եղբորս հետ միասին որոշեցինք նախ այցելել տատիկին ու պապիկին, քանի որ նրանց տունը դպրոցին շատ մոտ էր գտնվում: Երանի թե այդպես չանեինք ու միանգամից շարժվեինք մեր տան ուղղությամբ: Դպրոցից երկու հարյուր մետր հեռավորության վրա, ճիշտ մեր ճանապարհին էր գտնվում Լենինականի ծննդատունը, որտեղ լույս աշխարհ եմ եկել նաև ես: Այն ինչ տեսա զարհուրելի էր…Ուղղակի չեմ կարող նկարագրել, թե ինչ տեսարան բացվեց աչքերիս առջև… Չի ստացվում այդ մասին գրել…

Ժամը 12:20 - Հանդիպեցինք հորս, ամբողջովին փոշուց սպիտակած: Հետո իմացանք, որ ճակատագրի դիպվածով հայրս հրաշքով կենդանի էր մնացել. շենքից դուրս գալու պահին սայթաքել ու վայր էր ընկել, իսկ իր առջևից վազողները մնացել էին բետոնասալիկի տակ ու զոհվել: Այդ պահին նկատեցի, որ դպրոցի այն հատվածը որտեղ գտնվում էր աշխատանքի ուսուցման արհեստանոցը փլուզվել էր…Միայն երկու ամիս անց այնտեղից դուրս կբերեմ դպրոցական պայուսակս ու բաճկոնս:

Ժամը 12:25 - Անցնում ենք դպրոցի կողքին գտնվող չորրորդ տպարանի կողքից; Շենքն ամբողջովին ավերված է: Մի քանի կենդանի մնացած բանվորներ խնդրեցին օգնել: Սեղանի վրա տեղավորում ենք մի կնոջ ջախջախված մարմինը… Փշրված էր գանգոսկրը, հստակ երևում էր, որ վնասվել էր գանգուղեղը: Նկատեցի նաև, որ երկարաճիտ կոշիկը պատռելով դուրս էին ցցվել նաև ոտքի կոտրված ոսկորները: Մի քանի րոպե անց կինը հոգին ավանդեց… Նրա դին դրեցինք պարսպապատի տակ: Առաջին անգամ տեսա մահն այդքան մոտ…

Ժամը 12:35 – Հասնելով մեր տուն, նկատեցինք, որ այն կանգուն է: Ուրախությունն աննկարագրելի էր, քանի որ ընտանիքի բոլոր անդամները ողջ էին մնացել: Ի զարմանս ինձ, տուն հասնելով նկատեցի, որ այդ մեկ ժամվա ընթացքում բռիս մեջ պահել եմ մուրճի կիսապատրաստ երկաթյա գլխիկը, որի սուր անկյունները վնասել էին մատներս… 
Շուտով լսվում են ճիչեր, գոռոցներ: Դրանք կենդանի մնացածների և հարազատներին տեսնելու ժամ առ ժամ մարող հույսերի արձագանքներն էին: Ողջ գիշեր հարևանների տանից լսվում էին ողբի ու հեծեծանքների ձայներ: Կորցրել էին զավակներ, թոռներ, ծնողներ: Ժամ առ ժամ մարում էր նաև չվերադարձածներին կենդանի հայտնաբերելու հույսերը…
Խարույկ վառեցինք դրսում գիշերելու համար: Ոչ ոք չէր հանդգնում ներս մտնել տուն, քանզի ամենազոր վախը պատել էր բոլորին...

08.12. 1988

Երկրորդ օրն է տեղեկություն չունենք հորեղբորս ընտանիքից, երկու զարմուհիներիցս, հորաքրոջս ամուսնուց ու նրա երկու զավակներից, բազմաթիվ բարեկամներից ու հարևաներից: Ոչ մեկը չփրկվեց… Երկու զարմուհիներս կենդանի էին երկու օր և խոսում էին դպրոցի փլատակների տակից: Երրորդ օրը նրանց սիրտը չէր դիմացել… Թաղման օրվանից ուղեղիս մեջ դաջված մնացին նրանց թանաքոտ ձեռքերը…Միասին էինք մեծացել, խաղացել, կռվել ու հաշտվել… իսկ հիմա նրանք դպրոցական համազգեստով պառկած են դագաղի մեջ… Բոլորը տարօրինակ լուռ ու անմռունչ կանգնած էին…

09.12.1988

Պապիս հետ միասին հնամաշ մի թախտի փայտերից դագաղ պատրաստեցինք հարևան իմ տարեկից պատանու համար, ում հետ տարիներ առաջ ֆուտբոլ էի խաղում… Մեկ այլ հարևանի երկու թոռները, ում հետ անցել էր իմ ողջ մանկությունը, նույնպես զոհվել էին: Երկու զավակներին կորցրած ծնողները կիսախելագարի տպավորություն էին թողնում: Իմացանք, որ հեծանիվի գործարանի փլատակների տակ զոհվել էր նաև մեր հարևան Թագուհու մինուճար որդին…

10.12.1988

Գիշերը պետք է տարհանվեինք Երևան: Խցանումների պատճառով Լենինական-Երևան մայրուղին անցանք վեց ժամում: Վերջապես հասանք մայրաքաղաք: Գիշերվա կեսն էր, սակայն պատգամբներում նկատում էի ծխող մարդկանց, մարդիկ ովքեր նույնպես գիտակցում էին տեղի ունեցած զարհուրելիությունը ու այդ պատճառով կորցրել էին քունն ու հանգստությունը:

Սպասում էինք լուրերի, ուրախ լուրերի, սակայն դրանց մեջ հարազատների ու բարեկամների շրջանում աչքալուսանքի պես ուրախալի լուր էր դարձել իրենց հարազատների դիակների հայտնաբերումն ու հուղարկավորությունը…
Այդ օրերին չէինք գիտակցում, որ տարած հոգեցնցումը պետք է կրենք ողջ կյանքում… 
Այդ ամենը տեղի ունեցավ ընդամենը քառասուն վայրկյանների ընթացքում...