Հայաստանում երբեւիցե օրենքը կդրվի՞ հանրաքվեի
Գործող սահմանադրության մեջ չափից ավելի սահմանափակված է անմիջական ժողովրդավարության հնարավորությունը, - կարծում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։
Ըստ նրա՝ սահմանադրական նոր նախագծում, որը մշակման փուլում է, պետք է առավել ուշադրություն դարձվի անմիջական ժողովրդավարության միջոցներին. «Ես հուսով եմ, որ մեր քննարկումները կբերեն նրան, որ անմիջական ժողովրդավարության հնարավորությունները սահմանադրորեն երաշխավորված լինեն»։
Իսկ ինչպե՞ս պետք է Հայաստանում ժողովուրդն իրականացնի իր իշխանությունը։
ՀՀ սահմանադրությունը տալիս է պատասխանը՝ ազատ ընտրությունների եւ հանրաքվեների միջոցով։ Ընդ որում՝ Սահմանադրությունը նախատեսում է ոչ միայն համապետական, այլ տեղական հանրաքվեներ. « Համայնքի անդամները կարող են ուղղակիորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը՝ համայնքային նշանակության հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով» / Հոդված 107/։
ՀՀ քաղաքացիները հանրաքվեով կարող են փոփոխել ոչ միայն երկրի Մայր օրենքն , այլեւ մնացյալ օրենքները: Ըստ Սահմանադրության 112 hոդվածի՝ օրենքները հանրաքվեի են դրվում Ազգային ժողովի կամ կառավարության առաջարկով եւ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները փոփոխվում են միայն հանրաքվեով։
Սակայն հանրաքվեի միջոցով օրենքի ընդունման տարբերակը Հայաստանում երբեք չի գործել։ Այս մասին նշում է նաեւ Սահմանադրական դատարանի նախագահը, որը նաեւ ցավով նկատում՝ որքան քիչ է քաղաքացին ուղղակիորեն մասնակցում որոշումների կայացմանն, այնքան օտարվում է իշխանություններից։
«Իշխանություն կրողը պետք է կարողանա ոչ միայն ձեւավորել ինստիտուտները, այլեւ գործնական մասնակցություն ունենալ իշխանության իրացմանն ռւ իշխանության նկատմամբ վերահսկողությանը»,-ասում է նա։ Ընդհանրապես՝ պարոն Հարությունյանը համարում է, որ ամբողջ աշխարհում վտանգավոր պրոցես է ընթանում։
«Դեմոկրատիան իշխանության օպտիմալ տարանջատումն է։ Մինչդեռ տեղի է ունենում մի գործընթաց, երբ ներկայացուցչական ժողովրդավրության շրջանակներում չի հաջողվում լիարժեք տարանջատել իշխանության թեեւերը: Երբ կոալիցիաներ են ձեւավորվում, երբ մի կուսակցություն հիսուն տոկոսից ավելի ձայն է ունենում, երբ տեղի է ունենում քաղաքական, տնտեսական , վարչական ներուժի սերտաճում, այս պարագայում իշխանությունների տարանջատման սկզբունքը գործում է այնքանով՝ որքանով. Դա բերում է իրավական պետության հիմքերի եւ ժողովրդավարության թուլացման,որովհետեւ չի լուծվում իշխանության, անձի սոցիալական վարքագծի սահմանադրականացումը»,- ասում է Գագիկ Հարությունյանը։