Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթուղայինների վարորդները գործադուլ կանեն

Հասարակություն
41a4567d01951dc91b72ab39d96a491c

Դեկտեմբերի 10-ին մայրաքաղաքի երթուղիների համար հայտարարված մրցույթի վերջնաժամկետն է։ ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի խոսքով՝ թեև վերջնաժամկետին հաշված օրերին են մնացել, բայց դիմողները քիչ են. «Դեկտեմբերի 10-ին վերջնաժամկետն է, դիմող չկա, Արման Մուշեղյանը եկավ տեսավ, խոսեց գնաց, տեսավ, որ հարյուր դրամով ձեռնտու չէ», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

«Ժառանգություն» կուսակցության անդամ, «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանից տեղեկացանք, որ նա պատրաստվում էր վարձակալել երթուղի. «Եթե կա որևիցե գծատեր, ով դժգոհ է պայմաններից և հրաժարվում է 100 դրամով սպասարկել, ապա ես պատրաստ եմ վերցնել այդ գիծը՝ գծատիրոջ ամբողջ գույքով: Կարող ենք գնահատել նրա գույքը, և պարտավորվում եմ խելամիտ պայմաններով ու ժամկետում մարել այդ գումարը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։

Մուշեղյանի խոսքով՝ ինքը հանդիպել էր թիվ 4, 17, 30 համարի միկրոավտոբուսային գծերի սեփականատերերի հետ. «Ընկերության սեփականատերերը, ովքեր արձագանքեցին իմ հայտարարությանը, պատրաստ էին վաճառել իրենց ընկերությունները, ոչ թե վարձակալությամբ տրամադրել», - նշեց Մուշեղյանը՝ հավելելով, որ ինքը չի կարող գնել գիծը։

ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը պնդում է, որ իրենց հաշվարկներով՝ տրանսպորտի սակագինը պետք է լինի 150 դրամ: Նա նաև հայտնեց, որ հարյուր դրամով աշխատելը ձեռնտու չէ. «7-րդ և 17-րդ միկրոավտոբուսային երթուղիներն արդեն իսկ հայտ են ներկայացրել դադարեցնելու աշխատանքները: Թիվ 23 երթուղին արդեն մոտ ութ ամիս է՝ ընդհանրապես չի աշխատում»։

Եղիազարյանի խոսքով՝ եթե իրենց տային ավելի էժան գնով վառելիք, ապա իրենք այս քայլին չէին դիմի: Անդրադառնալով վարորդների հնարավոր գործադուլին՝ Եղիազարյանն ասաց. «Մենք մեր աշխատատեղերը չենք լքելու, մենք մեր մեքենայի մեջ նստած՝ պարզապես ուղևոր չենք փոխադրելու, դա ամենավատ սցենարն է»։