Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նկարիչների միությունում ներքին խմորումներ են»

Հասարակություն
bb04c321d7c1a3dd72309f6347c8d52e

Արդյոք կունենա՞ նկարիչների միությունը նոր նախագահ: Այս հարցի պատասխանը պարզ կդառնա միայն դեկտեմբերի 16-ին`միության համագումարի օրը: Մինչև համագումարը շրջանառվում են 5 թեկնածունների անուններ` միության գործող նախագահ Կարեն Աղամյան, Արմեն Աթանյան, Հաղթանակ Շահումյան, Նիկոլ Աղաբաբյան ու Ռուբեն Այվազյան:

Նկարիչ Արմեն Աթայանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ նկարիչների միությունում վիճակը լարված է, ու կան ներքին խմորումներ. «Մի տասը հոգի իրար հետ են, անուններ չեմ ուզում տալ, գործող նախագահն իր խմբի հետ է: Երիտասարդները, ովքեր ոգևորված միության անդամ են դառնում, գաղափար չունեն՝ ներսում ինչ է կատարվում, ասում են՝ վայ մեր նախագահը, գնանք ընտրենք: Բանական ոչինչ չկա»:

Պարոն Աթայանը վստահեցնում է, որ նկարիչների միությունը չի աջակցում նկարիչներին. «Ասում են՝ տարեկան 100 ցուցահանդես ենք կազմակերպում, չկա նման բան, 10 հատ, այն էլ՝ պետական նշանակության, մնացած ցուցահանդեսները անհատ նկարիչներին են կազմակերպում, միությունը ընդամենը դահլիճ է տալիս, այն էլ՝ օրավարձով»,- նշեց նա: Ըստ նրա՝ նկարիչների միությունը ֆինանսական մեծ խնդիրներ չի կարող ունենալ, քանի որ մի շարք սեփականություններ ունի. «Ունեն տարածքներ, որ վարձով են տալիս, Ծաղկաձորում հանգստյան տուն ունեն, ի վերջո բոլոր միություններն էլ որոշակի աջակցություն ստանում են պետությունից»: Նկարիչը ընտրվելու դեպքում խոստանում է նախևառաջ լուծել ստեղծագործական միությունների կարգավիճակի հարցը, քանի որ այսօր միությունները համարվում են հկ-ներ, ապահովել անհրաժեշտ ինֆորմացիան ցուցահանդեսների ու նկարիչների մասին, տպել բուկլետներ, վերացնել ցուցահանդեսների համար նախատեսված դահլիճի օրավարձը:

Նկարիչների միության վարչության անդամ Արայիկ Հակոբյանը դեմ չէ, որ Կարեն Աղամյանը վերընտրվի: Ըստ նրա՝ Կարեն Աղամյանը այսօր անում է այն ամենը, ինչ իրենից պահանջվում է: Իսկ վարչության մեկ այլ անդամ `Արթուր Մարտիրոսյանը, մտավախություն հայտնեց`բա որ նոր մեկը գա ու քանդի ամեն ինչ:

«Սա իրոք մտահոգվելու տեղիք է տալիս: Իրականում ով էլ, որ լինի, կարևորը սիրի միությունը, արվեստը ու նկարիչներին, քանի որ նրանք նուրբ մարդիկ են»,- եզրափակեց նա: