Վիլնյուսում հիասթափության մթնոլորտ կար
Վիլնյուսում հիասթափության մթնոլորտ կար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Վիլնյուսի գագաթնաժողովին՝ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Ըստ նրա` համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում, այն եռանդը, որ կա, կարող է պակասել կամ ընդհանրապես մարել. «Եվրամիության անդամ երկրների տնտեսական վիճակը լավ չէ, շատ երկրներ պատրաստ չեն միջոցներ տրամադրել այդ կարգի նախաձեռնությունների», - նշեց նա:
Նրա խոսքով` սխալ կլիներ ասել, որ դա ձախողում էր. «Դա ձախողում չէր. ձախողում գնահատողները մոռացել էին, թե ինչպիսի հավակնություններ ուներ Արևելյան գործընկերության ծրագիրը, երբ գործունեությունը նոր էր սկսվում: Այն ժամանակ չէր ակնկալվում, որ չորս տարի հետո որևէ երկրի հետ կլինի ասոցացման համաձայնագիր», - ասաց Նավասարդյանը:
Բորիս Նավասարդյանը նշեց, որ սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո ԵՄ-ում Հայաստանի հետ կապված սպասման մեջ էին, ու հանկարծ նման որոշում է Հայաստանը կայացնում. «Այնպիսի կարծիք կա, որ Հայաստանը չունի հստակ հավակնություններ, և այդ երկիրը արժանի չէ միջազգային հանրության ուշադրությանը:
Դա ամենալուրջ հետևությունն է, որ կարելի է անել Վիլնյուսի գագաթնաժողովից հետո»,- ընդգծեց Երևանի մամուլի ակումբի նախագահը: