«Թող շնորհք ունենան՝ չփռեն ներքնաշորերը»
«Ռուսաստանը Հայաստանին ինքնորոշումից զրկել է դեռ 1920 թվականին ու շարունակում է նույն տեմպերով»,- համոզված է Ազատ Արշակյանը։
Հայաստանն իր դիրքորոշումը փոխեց մեկ վայրկյանում՝ ասում է քաղաքագետն ու հավելում, որ այն ուղիղ կապ ունի Հայաստանում ռուսական բանակի ներկայության հետ. «Ես հեղինակություն եմ համարում Տիգրան Սարգսյանին` որպես տնտեսագետ, որպես դիվանագետ՝ Շավարշ Քոչարյանին։ Նրանք հայտարարում էին` գնում ենք Եվրոպա, բացառում էին Մաքսային միությանը անդամակցելը։ Բացատրե՛ք, ինչի՞ շուռ եկաք»,- հարցրեց նա ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանին։ Ի պատասխան հնչեց. «Ոչ ոք շուռ չի եկել: Մենք շարունակում ենք « և -և»-ի քաղաքականությունը»։
ՀՀԿ- ական Սուքիաս Ավետիսյանը բարձր գնահատեց Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան։ Ըստ նրա՝ կնքված 12 տարբեր պայմանագրերը կօգնեն սոցիալական հարցերի լուծմանը. «Այս այցը շատ արդյունավետ է: Հիմնական մի խնդիրը լուծվեց` ազգային անվտանգության ու մեր ժողովրդի պահպանության խնդիրը, ինչպես նաև տնտեսության զարգացում կլինի այս այցից հետո: Ես առաջընթաց եմ նկատում նաև Վիլնյուսում գագաթաժողովից հետո` մենք խորացնում ենք մեր հարաբերությունները նաեւ Եվրոպայի հետ»:
Այս կարծիքի հետ համամիտ չէ Աղասի Արշակյանը։ Նա համոզված է, որ ՌԴ-ն ամեն կերպ ցանկանում է ցույց տալ, որ մենք պետություն չենք ուզում. «Սեպտեմբերի երեքին Հայաստանը վերագրավվեց ՌԴ-ի կողմից, քանի որ Հայաստանը գնում էր Եվրոպա: ՌԴ-ն հաղթեց, բայց այդ հաղթանակը շատ թանկ կնստի նրա վրա` նա պարտավոր է զարգացնել մեր տնտեսությունը»:
ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն անդրադարձավ նաեւ այն փաստին, որ Պուտինի այցի օրը Գյումրիում արգելվում էր հուղարկավորություններ կազմակերպել կամ լվացք փռել. «Շատ լավ եմ վերաբերվում, ճիշտ են արել, որ արգելել են լվացք փռել, թող շնորհք ունենան՝ չփռեն իրենց ներքնաշորերը, երբ երկու նախագահներն են հանդիպում, իսկ մեռելներին այլ ճանապարհներ էլ կան»: