Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրենց ներողությունն իրենց գլխին կպնի»

Քաղաքականություն
0a2779ff32a27bed242c95c558c98126

Հայաստանյան քաղաքական ուժերը ուշի ուշով հետեւում են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: ԵՄ Ասոցացման պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին իշխանությունների որոշման դեմ հանրության բողոքի ալիքը ընդլայնվում է։
«Ինքս հաջողություններ եմ մաղթում ուկրաինացի ժողովրդին` սեփական ազատության համար մղվող այս պայքարում: Եւ մաղթենք, որ բոլոր այդ պրոցեսները լինեն անարյուն»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝այս խմորը շատ ջուր է տանելու:
Իսկ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանի համար Ուկրաինայում անկանխատեսելի իրավիճակ է։

Ուկրաինայում ոստիկանության ուժերի եւ ցուցարարների միջեւ բախումների հետեւանքով վնասվածքներ է ստացել մոտ 200 մարդ: Ոստիկանությունը կիրառել է նաեւ արցունքաբեր գազ եւ լուսային նռնակներ: Ցուցարարների նկատմամբ կիրառված բիրտ ուժի համար Ուկրաինայի նախագահն իր ափսոսանքն է հայտնել եւ, ըստ էության, ներողություն խնդրել: Հայաստանում ընդդիմությունը չի հիշում դեպք, երբ իշխանությունը ներողություն խնդրած լիներ՝ բռնի ուժ կիրառելու համար, ինչպես օրինակ՝ մարտի 1-ի դեպքերից հետո, երբ զոհվեց 10 եւ վիրավորվեցին հարյուրից ավելի քաղաքացիներ։

Նիկոլ Փաշինյանն ասում է. «Ուկրաինան մի երկիր է, որտեղ ընտրությունների միջոցով տեղի է ունեցել իշխանության փոփոխություն: Այն երկրներում, որտեղ ընտրությունների միջոցով տեղի է ունեցել իշխանության փոփոխություն, այնուամենայնիվ հանրային-պետական հարաբերությունների մակարդակը առնվազն մի փոքր ավելի բարձր է»:

ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանի կարծիքով՝ «Ներողություն խնդրելը տարբեր կերպ կարելի է մեկնաբանել, հարաբերական է: Ես չեմ կարծում, թե ներողություն խնդրելով պետք է արդարանալ, մենք առհասարակ այնպես պետք է անենք նաեւ հետագայում, որ այնպես լինի, որ որեւէ բախում չունենանք ու բացառենք նման դեպքերը»:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն առանձնապես չի սպասում նման իրավիճակներում հայաստանյան իշխանությունների ներողությանը. «Իրենց ներողությունն իրենց գլխին կպնի, եթե ժողովուրդն իր իրավունքներին տեր կանգնի, այս հանցագործներից մաքրի մեր երկիրը, այ դա կլինի լուծում: Իրենց ներողությունն ինձ պետք չէ, իրենց գնալն է մեզ պետք»: