Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի ի՞նչ սակագին է ի վերջո սահմանվելու

Քաղաքականություն
425143a59e7743cfb154f6add849d4a7

Որերորդ անգամ Ազգային ժողովի պատգամավորին ընձեռնված հնարավորությունը, հարցեր տալու ՀՀ վարչապետին և նախարարներին ու լսել դրանց պատասխանները, չի ստացվում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ օգտվելով սոցիալական ցանցի ընձեռած խոսքի ազատության իրավունքից։

Խնդիրը հետևյալն է, պատգամավորների գրանցումից հետո այդուհանդերձ հերթականությունը որոշում է ԱԺ աշխատակազմի կողմից ներդրած համակարգը. «Այս անտրամաբանական երևույթը կարծես թե բերում է այն արդյունքին, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն կարողանում հարցեր հղել կառավարությանը, իսկ սրանք այն հարցերն են, որոնք հետաքրքրում են մեր ժողովրդին՝ ՀՀ քաղաքացուն»:

Վահե Էնֆիաջյանը գազի գնի վերաբերյալ մի քանի հարց ունի։ Նրա անհանգստությունը՝ ստորեւ.
Չգիտես ինչու, բայց ոչ թե ՀՀ կառավարության կոմպետենտ անձինք, այլ «Գազպրոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեկսեյ Միլլերը, դեկտեմբերի 2-ին հայտարարեց, որ կսահմանվի գազի նոր գին և Հայաստան գազի մատակարարման այդ գինը կկապվի Ռուսաստանում առկա գազի ներքին գներին: Հետևաբար, գազի սակագինը սպառողի համար, այսինքն մեր բոլորիս համար, պետք է նվազի: Դրանից մեկ օր անց՝ դեկտեմբերի 3-ին, Ազգային ժողովի հայտարարությունների ժամանակ Խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Ռուսաստանը նվազեցնում է Հայաստանին մատակարարվող գազի սակագինը՝ 1000 խմ-ի դիմաց նախկին 270 դոլարի փոխարեն սահմանելով 189 դոլար: Սա լավ է, թե՞ վատ մեր քաղաքացիների համար: Զավեշտալի է, որ այդ նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտարարեց՝ Հայաստանում սպառողների համար գազի սակագինը նախօրեին ստորագրված հայ-ռուսական համաձայնագրի գործողության արդյունքում փոփոխությունների չի ենթարկվի:
Հարցեր են առաջանում...

Ա.Ինչու առաջինը ՀՀ կառավարությունը ժողովրդին տեղյակ չի պահում նման որոշման մասին

Բ.Ինչու ԱԺ փոխնախագահը խորհրդարանական ամբիոնից հայտարարում է մի բանը, որն այդ նույն ժամանակահատվածում հերքում է երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Գ. Արդյո՞ք կառավարությունը տիրապետում և իրազեկ է իր իսկ գործառույթներին

Դ. Ի վերջո ՀՀ քաղաքացին, ով ամեն օր հանապազօրյա հացի խնդրի առջև է կանգնած, երբ է իմանալու ձմռան այս ցուրտ ամիսներին ինչ սակագնով է ջեռուցելու իր կացարանը: