ՍԴՀԿ-ն և ՌԱԿ-ը հանդիպել են
Ռամկավար Ազատական կուսակցության Երևանի գրասենյակում տեղի է ունեցել
հանդիպում ՍԴՀԿ և ՌԱԿ Հայաստանի կազմակերպությունների վարչությունների միջև, որին մասնակցել են ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը, փոխատենապետ Կարեն Կակոյանը, ատենադպիր Սուրեն Սարգսյանը, ինչպես նաև ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը, փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, ատենադպիր Հարություն Բալաբանյանն ու քաղաքական դիւանի պատասխանատու Դմիտրի Մարտիրոսյանը:
Երկու ավանդական կուսակցությունների ներկայացուցիչները նշել են, որ ՍԴՀԿ-ն և ՌԱԿ-ը ունեն Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված բազմաթիվ ընդհանուր տեսակետներ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի համար բացասական այնպիսի երևույթների,
ինչպիսիք են սոցիալական անարդարությունը, օլիգոպոլիան և մենաշնորհները: Ձեռք է բերվել համաձայնություն համատեղել ջանքերն հանուն այդ բացասական երևույթների վերացման:
Հանդիպման ընթացքում խոսվել է նաև սիրիահայության, նրանց տրվող պետական և
համազգային աջակցությանը վերաբերող հարցերի, ինչպես նաև բանակ-հասարակություն առնչությունների մասին: Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են հանդիպումները դարձնել պարբերական և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
ՍԴՀԿ Մամլո դիւան