Էպոսագետը Վճռաբեկ բողոք է ներկայացնելու
Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը իր պաշտպանյալի գործով պատրաստվում է Վճռաբեկ բողոք ներկայացնել։ Նա այժմ այդ բողոքի վրա է աշխատում եւ այսօր ստացել է Վերաքննիչի որոշումը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ էր թողել Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Դատավճռով Վարդան Սեդրակյանը մեղավոր էր ճանաչվել նախագահի մեկ այլ թեկնածու՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը պատվիրելու մեջ եւ դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման։
Վարդան Սեդրակյանը եւ նրա պաշտպանը շարունակում են պնդել, որ Սեդրակյանը մահափորձի հետ կապ չունի եւ ներպետական ատյանները սպառելուց հետո արդարություն են փնտրելու Եվրոպական դատարանում։
«Վարդան Սեդրակյանը մարտական է տրամադրված»,-ավելացրեց Ալեքսանդր Սիրունյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, հունվարի 31-ին։ Ըստ մեղադրանքի՝ Վարդան Սեդրակյանը իր մտերիմներ Սամվել Հարությունյանին եւ Խաչատուր Պողոսյանին պատվիրել էր Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը՝ նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով։