Պուտինին ստուգե՞լ են
«Վիլնյուսյան գագաթնաժողով՝ հետադարձ հայացք». Այսօր «Մեդիակենտրոնը» քննարկում էր այս թեման։
«Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի արարքը պետական դավաճանություն է: Նա այդ որոշումը ընդունել է միանձնյա՝ չունենալով ոչ ժողովրդի, ոչ ԱԺ-ի համաձայնությունը,- հայտարարեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի փոխնախագահ Սոնա Այվազյանը։- Եթե Ռուսաստանին պետք են ոչ կայուն հարևաններ, որոնց գործերին ցանկացած պահի կարող է միջամտել, կոնֆլիկտներ հրահրել, իր շահերին լուծում տալ, ապա Եվրոպային պետք են կայուն հարևաններ, որովհետև ժողովրդավարությունը ի վերջո բերում է կայունության»։
«Այն, ինչ մենք այս պահին անվանում ենք եվրոպական արժեք, իրականում համամարդկային արժեքներ են: Այն, որ Հայաստանը չի ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, չի նշանակում, որ Հայաստանը չպիտի ընթանա համամարդկային արժեքներով: Հայաստանը չի դադարեցնում էր անդամակցությունը Եվրոպայի խորհրդին, ՄԱԿ-ին»,- ասում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» հանրային կապերի և ծրագրերի պատասխանատու Իզաբելլա Սարգսյանը։
«Սերժ Սարգսյանը ընտրված նախագահ չէ, նա չուներ ժողովրդի քվեն:
Չկա բանական որևէ մեկը, որ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև համեմատություն անելով՝ նախապատվությունը տա Ռուսաստանին: Հայաստանցիները այս տարիների ընթացքում շփվել են Եվրոպայի հետ և շատ լավ կարող են համեմատություն անել ԵՄ-ի և կոռուպցիայի առումով Հայաստանից ավելի վատ վիճակում գտնվող Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի միջև,- նշեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ով դեկտեմբերի 2-ին բերման էր ենթարկվել ՄՄ-ի դեմ կազմակերպված երթին մասնակցելու համար։- Ամենափոքր պետությունը՝ 400 հա մակերեսով, Վատիկանն է, և ոչ ոք չի կարող ասել, որ Վատիկանը որևէ մեկի կրնկի տակ է: Շատ-շատ փոքր պետություններ կան, որոնք դատապարտված չեն լինել որևէ մեկի սապոգի տակ»։
Իբրեւ ոտորաքարշության ապացույց Լեւոն Բարսեղյանը հիշեցնում է, որ դեկտեմբերի 2-ին Հայաստանի պաշտոնյաները խոսում էին օտար լեզվով. «Նկատի ունեմ հենց Սերժ Սարգսյանի, վարչապետի ելույթը, երբ հուշարձանի բացման ժամանակ համընթաց հայերեն թարգմանություն չի եղել։ Դեկտեմբերի 2-ին Գյումրիում տեղի ունեցածը այլանդակության կատարսիսն էր: Ի՞նչ է նշանակում, որ հարսանքավորները այդ օրը պետք է եկեղեցի մտնեին նրբանցքով և ոչ կենտրոնական փողոցով: Կամ ի՞նչ է նշանակում՝ «էդ օրը լվացք չփռեք Պուտինի այցի պատճառով»: Պսիխոանալի՞զ են արել, թե ինչ է Պուտինը լինում, երբ փռված լվացք է տեսնում»։