«Պուտինի համար Հայաստան չկա»
«Պուտինի համար Հայաստան չկա, այլ միայն՝ Անդրկովկաս»,-համոզված է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Ըստ նրա՝ ՌԴ նախագահը բացահայտ սա փաստեց, երբ Հայաստանում հայտարարեց, որ Ռուսաստանը շարունակելու է ամրապնդվել Անդրկովկասում. «Ռուսաստանը միայն Հայաստանում զորքեր ունի, ոչ Ադրբեջանում և ոչ էլ Վրաստանում: Ռուսաստանի բոլոր շովինիստների նպատակը միշտ էլ եղել է Հայաստանի վերացումը: Պուտինինն էլ նույնը, նա մեր բոլորի ներկայությամբ չի ասում Հայաստան, այլ Անդրկովկաս»:
Պարույր Հայրիկյանը Մաքսային միության միանալը համարում է ստորացուցիչ քայլ և իր իսկ խոսքերով սփոփվում է միայն Հայաստանում պայքարող ու ոտքի կանգնող երիտասարդների ներկայությունից. «Հայաստանի բոլոր քաղաքական գործիչները դարձել են ճորտեր ու հարճեր, բնական է՝ստրուկները միշտ պետք է աշխատեն ստրկատերերի համար: Բայց այսօր կան երիտասարդներ,ովքեր ազատ մարդիկ են, ովքեր ուզում են ազատ հայրենիքում ապրել, ապրել Հայաստանում, ես նրանց հավատում եմ: Ռուսաստանի հետ մենք երբեք չենք կարող բարիդրացիական հարաբերություններ ունենալ, Ռուսաստանի հետ պետք այնպիսի հարաբերություններ ունենանք, ինչպես, ասենք, Ինդոնեզիայի կամ Թուրքիայի»,-եզրափակեց նա: