Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շոկային թերապիա՝ իշխանությունից

Քաղաքականություն
425fe948411c236608ce381e7aa6d61d

Եթե կուտակային հիմնադրամների հետ կապված՝ այս կենսաթոշակային բարեփոխումներին մոտենանք զուտ տեսականորեն, այսինքն՝ կտրված Հայաստանի այսօրվա շատ կոնկրետ սոցիալ-տնտեսական կոնտեքստից, ապա առաջարկված ռեֆորմը կարծես հետապնդում է կարեւոր նպատակներ: Իհարկե, շատ երկրներում կիրառվում է կուտակային հիմնադրամներին պարտադիր վճարումներ կատարելու օրենքը: Դա ոչ միայն լրացուցիչ հնարավորություն է ստեղծում ապագայում ավելի մեծ կենսաթոշակներ ստանալու համար: Դա նաեւ ստեղծում է, այսպես կոչված՝ «երկար փողեր», այսինքն՝ կապիտալի շուկայում խիստ անհրաժեշտ երկարաժամկետ ֆինանսական գործիքներ, ինչը նպաստում է կապիտալի շուկայի զարգացմանը եւ երկարաժամկետ ներդրումների ակտիվացմանը:

Բայց սա՝ տեսության մեջ: Հայաստանի իրականությունը լրիվ այլ պատկեր է ներկայացնում:
1. Սկսենք նրանից, որ նման ռեֆորմները պատկանում են, այսպես կոչված՝ «շոկային թերապիայի» ռեֆորմների դասին: Վաղ 90-ականներից սկսած՝ «շոկային թերապիա» անվանում են այն ռեֆորմները, որոնց իրականացման հետեւանքով քաղաքացիները կարճաժամկետ կտրվածքով կարող են կորուստներ ունենալ, անգամ՝լուրջ զրկանքների ենթարկվել, բայց երկարաժամկետ առումով շահում են, քանի որ այդ ռեֆորմների պտուղները քաղում են ապագայում: ...Հիմա նման մի ցավոտ ռեֆորմ էլ դուք եք ուզում անցկացնել: Բայց կարծես չեք հասկանում մի կարեւորագույն հանգամանք. «շոկային թերապիայի» ցավոտ ռեֆորմներ կարող է անցկացնել միայն այնպիսի իշխանությունը, որն օգտվում է ժողովրդի անվերապահ վստահությունից, ձեւավորվել է համաժողովրդական շարժման հետեւանքով իշխանության գալու արդյունքում եւ ընկալվում է ժողովրդի կողմից որպես արդարամիտ, ազնիվ եւ բացառապես պետական շահերով առաջնորդվող քաղաքական թիմ:

2. Նման կոռումպացված կառավարության պարագայում շատ տրամաբանական են ժողովրդի սպասելիքները, որ կուտակային հիմնադրամների գործը նորից կտրվի իշխանավորների մերձավորներին, ինչը մրցակցության բացակայության պարագայում կբերի չարաշահումների եւ յուրացումների, ինչի հետեւանքով այդ հիմնադրամներին վստահված գումարները ոչ թե կծառայեն քաղաքացիների ապահով ապագայի ստեղծմանը, այլ նորից թալանչի իշխանավոր պաշտոնյաների գերհարստացմանը:

3. Հայաստանի իրականությունը նաեւ աղքատության մատնված, տնտեսապես դեռեւս ծնկաչոք վիճակում գտնվող հասարակության իրականությունն է: Մարդիկ ուղղակի չունեն ավելորդ փող՝ կուտակային հիմնադրամների միջոցով տնտեսության ֆինանսական շրջանառությունը սնելու նպատակով: Ձեզանից ինչ-որ մեկն ուսումնասիրե՞լ է արդյոք այն մարդկանց վիճակը, ում վրա կընկնի ռեֆորմի իրականացման հիմնական բեռը: Վստահ եմ, որ ոչ: Մինչդեռ, եթե մտնեք պարտադիր այս վճարումների դեմ ձեւավորված 15 հազարանոց ֆեյսբուքային խումբը, կգտնեք բոլոր անհրաժեշտ վերլուծությունները եւ կտեսնեք, որ նրանց մեջ անգամ ամենաունեւորներն ու հաջողակներն այսօր գտնվում են այնպիսի ծանր վարկային բեռի տակ, որ այս 6.61 տոկոսանոց հավելավճարը կարող է ուղղակի փլուզել նրանց ֆինանսական վիճակը:

4. Օրենքի այնպիսի կիրառումը, որը գործում է միայն 1974թ. հետո ծնվածների վրա, ստեղծում է ակնհայտ տարիքային խտրականություն: Արդյոք պարզ չէ՞, եւ այդ հարցն ինձ տվեցին այսօր այստեղ կայացած հանրահավաքի մասնակիցները, որ եթե որեւէ գործատու ստիպված լինի ընտրություն կատարել 1974թ. առաջ եւ հետո ծնված աշխատողների միջեւ, ապա այլ հատկանիշների հավասարության դեպքում գործատուն կընտրի 1974թ. առաջ ծնվածին: Փաստորեն, օրենքը հակասում է Սահմանադրության 14.1 հոդվածին, որն արգելում է խտրականություն՝ կախված, ի թիվս այլ հատկանիշների, նաեւ տարիքից:

5. Նորից ցանկանում եմ շեշտել՝ ժողովրդի զանգվածային մասնակցությամբ նման ֆինանսական ռեֆորմների հաջողության բանալին վստահությունն է: Վստահությունը չի կարող ձեռք բերվել պարտադրանքով: Վստահության ձեռքբերման միակ ձեւն այն է, որ ժողովուրդը, մասնակցելով կուտակային հիմնադրամների գործունեությանը կամավորության սկզբունքով, ժամանակի ընթացքում կառուցի իր վստահությունը կենսաթոշակային հիմնադրամների նկատմամբ: Միացյալ Նահանգներում կամ Արեւմտյան Եվրոպայում հասարակությունը վստահում է կենսաթոշակային այդ հիմնադրամներին, որովհետեւ նրանք տասնյակ տարիների ընթացքում, մրցակցության պայմաններում ապացուցել են իրենց ազնվությունը, պրոֆեսիոնալիզմը, միջազգային ֆինանսական շուկաներում գործելու փորձառությունը, ուստի կայացել են որպես վստահելի ֆինանսական հաստատություններ: Մինչդեռ մեր դեպքում առաջարկվում է, ըստ էության, պարտադիր վճարումներ կատարել երկու կենսաթոշակային հիմնադրամի, որոնց մասին մենք միայն գիտենք, որ դրանք օգտվում են մեր գող իշխանությունների հովանավորչությունից, եւ որ ստեղծվել են ու ստացել լիցենզիա ընդամենը մի քանի շաբաթ առաջ:

Պարտադիր վճարումների այս ռեֆորմը նաեւ վաղաժամ է. ոչ ոք չի զբաղվում իր բնակարանի նորոգմամբ հրդեհի ժամանակ: Մենք այսօր պետք է նախ եւ առաջ հանգցնենք մեր բնակարանը մոխրի վերածող հրդեհը: Այս ռեֆորմը կարելի է կատարել միայն՝ հաղթահարելով քրեաօլիգարխիկ համակարգի հետեւանքով ստեղծված տնտեսական ճգնաժամը եւ արտագաղթը:
Ուստի առաջարկում ենք հետաձգել օրենքի կիրառումը 1 տարով եւ ձեռք բերված ժամանակը օգտագործել կուտակային հիմնադրամների պարտադիր բաղադրիչը չեղյալ համարելու փոխզիջումային լուծում գտնելու վրա: Հայ ազգային կոնգրեսը կողմ է քվեարկելու նախագծին:
Մենք կոչ ենք անում մեր ժողովրդին պայքարել իր իրավունքների համար: Իշխանությունը չի նահանջի, մինչեւ տասնյակ հազարավոր մարդկանց չտեսնի փողոցում: Հաջողության բանալին՝ ԱԺ չորս խմբակցության եւ հրապարակում կանգնած ժողովրդի համակարգված եւ համախմբված պայքարն է: