Հայաստանում գազի գինը կփոխվի
ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը կարծում է, որ Ուկրաինան դեռեւս տեխնիկապես պատրաստ չէ Մաքսային միությանն անդամակցելուն։ Չնայած սրան, ՄՄ-ն Ուկրաինային, ըստ նրա, մի շարք տնտեսական արտոնություններ է երաշխավորում։
«Իհարկե, Ուկրաինան հասկանում է, որ ստորագրելով պարտավորություններ ՄՄ-ին անդամակցելու համար, կարող է գազի այլ գին ստանալ, այլ պայմաններ իր ունեցած պարտավորությունների համար»,- հայտարարել է նա՝ ավելացնելով, որ բնավ շանտաժի չի ենթարկում Ուկրաինային։
Շուվալովը նշել է, որ հիմա բանակցություններ են գնում Հայաստանի հետ, ամեն ինչ արվում է բաց ու թափանցիկ. «Մենք Հայաստանին տալիս ենք գազի համապատասխան գին, որովհետեւ նրանք մեզ հետ ստորագրում են ՄՄ համաձայնագրի ողջ փաթեթը»։
Իսկ այս ընթացքում Հրազդանում կայացել է ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի բացումը։ Այստեղ ռուսական «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնել է, որ այսօր Հայաստանում մի շարք պայմանագրեր են ստորագրվելու։ Դրանցից մեկի համաձայն՝ «Գազպրոմը» ձեռք կբերի «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը։ Դրանից հետո Հայաստանի համար ռուսական գազի գինը կփոխվի։ Սակայն թե որքան կկազմի՝ դեռ պարզ չէ։
Հիշեցենք, որ Հայաստանի բաժնեմասը «ՀայՌուսգազարդ»-ում կազմում էր 20 տոկոս։