«Եկեք՝ քարը ձեր փեշից թափեք»
ԱԺ-ն այսօր սկսեց արտահերթ կարգով քննարկել «Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի» վերաբերյալ օրենսդրական փոփոխության նախագիծը: Այն պատգամավորների 49 ստորագրությամբ քննարկման է ներկայացրել ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություն:
Նախորդ անգամ խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստը տապալվեց՝ ՀՀԿ բոյկոտի հետեւանքով:
Այսօր նրանք արդեն ստիպված էին ներկա լինել քննարկմանը:
Հարցով հիմնական զեկուցող, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ օրենքից պետք է հանվի պարտադիր բաղադրիչը, եւ այդ նպատակով նույնիսկ կարելի է անցկացնել համաժողովրդական հարցում. «Ի վերջո, մի պարզ հաշվարկ կա՝ միջինից բարձր եկամուտ ստացողների համար այս օրենքի կիրառումը հավասարազոր է սեփականություն խլելուն:
Բարեփոխում կոչվածն այն ժամանակ կարող է արդյունք տալ, երբ կլինի վստահություն, մինչդեռ այսօրվա պայմաններում սխալ է ճնշման այս տարբերակն ընտրելը: Չի կարելի կտրուկ քայլերի դիմել ու հասարակությանը պարտադիրել. այն կարող է պատճառ դառնալ արտագաղթի: Դիմում ենք ձեզ՝ խորհրդարանական մեծամասնությանը, առնվազն մեկ տարով եկեք հետաձգենք օրենքի կիրառումը, փոփոխություններ ու քննարկումներ անենք ու նոր միայն ներդնենք այն:
Հաշվի առնելով քաղաքացիական այս ակտիվությունը՝ կարող եմ ձեզ վստահեցնել՝ մեզ բավարար կլինի վեց-յոթ ամիս՝ հասնելու կոնկրետ ու դրական արդյունքների»:
ԲՀԿ խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ դեմ չլինելով բարեփոխումներին՝ իրենք գտնում են, որ կենսաթոշակային համակարգի ներդրումը պետք է լինի կամավոր սկզբունքով: Նա չժխտեց, որ 2010թ. իրենց խմբակցությունը կողմ է քվեարկել այս օրենսդրական փոփոխությանը, քանի որ այն ժամանակ դեռ հավատում էին, որ քսան տարի հետո արժանապատիվ կենսաթոշակ է ստանալու. «Մենք չէինք կարող կանխատեսել, որ կառավարությունը կարող է նման աղետի հասցնել տնտեսությունը, կատաստրոֆիկ աստիճանի հասցնել արտագաղթը, նվազեցնել օտարերկրյա ներդրումները եւ տեղի ունեցավ ամենավտանգավորը՝ մարդիկ կորցրին իրենց հույսն ու հավատը: Պարտադիր բաղադրիչը պետք է հանել, եւ թողնենք քաղաքացուն նա ընտրի՝ հավատո՞ւմ է բարեփոխիչ Տիգրան Սարգսյանի բարեփոխումներին, թե ոչ»:
Նա կոչ արեց ՀՀԿ պատգամավորներին չտապալել այս նախագիծը, չենթարկվեն կառավարության մանիպուլյացիաներին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տիկին Զոհրաբյանին խնդրեց չապատեղեկացնել հանրությանը՝ կառավարությունը չի կարող ԱԺ-ի վրա ճնշում գործադրել:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ այսօրվա համակարգը ապագա չունի, քանիոր կենսաթոշակառուների թիվն ավելանում է, իսկ աշխատողների թիվը՝ պակասում. «Մոդելների մասնագետ չեմ ու չեմ կարող խորանալ այդ հարցում:
Խնդիրը լրիվ այլ տեղ է՝ վստահության մեջ է, որ մարդիկ չեն վստահում եղած համակարգին ու եղած մոդելին, եթե անգամ նոր բան էլ առաջարկվի իշխանությունների կողմից, դրան էլ չեն վստահի, քանի որ այն ներկայացրել է իշխանությունը: Տրամաբանական կլիներ, եթե այս համակարգը ներդրվեր 2014թ. հունիսի մեկից, երբ բարձրանալու են նաեւ աշխատավարձերը»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ ոչ իշխանական խմբակցություններին, որոնք միասնական կամք դրսեւորեցին ու թույլ չտվեցին ՀՀԿ-ին խուսափել հարցի քննարկումից:
Ըստ նրա՝ կենսաթոշակային այս նոր համակարգը մեր ավանդական արժեհամակարգի փլուզումն է. «Մինչ օրս կար համերաշխության սկզբունք սերունդների միջեւ, սակայն այժմ պաշտոնական մակարդակով սեպ է խրվում հայրերի եւ որդիների միջեւ՝ միաժամանակ կոպտորեն ոտնահարելով Սահմանադրությունը: Եկեք, հարգելի խորհրդարանական մեծամասնություն, քարը ձեր փեշից թափեք ու նստենք քննարկման, որ իշխանությունների կապը ժողովրդի հետ չկտրվի»: