Ն. Փաշինյանը դեմ է քվեարկելու ՎՊ ծրագրին
Վերահսկիչ պալատի 2014թ. ծրագրային զեկույցի ներկայացմանը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ սա լուրջ թեմատիկա չէ, քանի որ երկրում ավելի կարեւոր թեմաներ կան:
Նրան առավելապես մտահոգում էր հանրապետական ճանապարհների վրա ծախսվող գումարների խնդիրը: Մասնավորապես նա անդրադարձավ Իջեւան-Ղազախաշեն-Պառավաքար ճանապարհահատվածին, որը ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում ադրբեջանական սահմանից եւ բավականին վտանգավոր ճանապարհ է:
Ի հակակշիռ դրա, պարոն Բագրատյանը վկայակոչեց Իջեւան---Իծաքար-Գանձասար ճանապարհը, որը կառուցվել է 1990-ական թթ.՝ պատերազմի տարիներին եւ որն ավելի անվտանգ ճանապարհն է, թեեւ այսօր այն չի շահագործվում։
Ըստ նրա՝ հանրապետական ճանապարհների վրա այսօր ծախսվող գումարների մեծ մասն ուղղակի անարդյունավետ են. «Այնպիսի տպավորություն է, որ ՎՊ-ն զբաղված է նրանով, որ փոքր չինովնիկների կպնի, բայց ոչ պետական մասշտաբի, խոշորագույն խնդիրներին անդրադառնա»:
ՀԱԿ մեկ այլ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չի կիսում իր որոշ գործընկերների այն էնտուզիազմը, թե ՎՊ-ն կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ գործիք է. «Դրա համար առնվազն պետք է կարողանանք փարատել այն կասկածները, որ Իշխան Զաքարյանը կոռուպցիայի հետ չունի ուղղակի առնչություն:
Այս դեպում չմոռանանք Նոր Նորքում իր շքեղ առանձնատան համար ծախսված գումարները: Որտեղի՞ց են այդ գումարները. մինչեւ այսօր այդ հարցի պատասխանը ես չունեմ: Իշխան Զաքարյանը նշանակվել է ՎՊ նախագահ, որ նա պետական բյուջեի հափշտակման փորձերը ֆիքսի, սակայն ստացվում է՝ նա կառավարում է ԱՄՆ քաղաքացու՝ Ալբերտ Բոյաջյանի բանկային հաշիվները, հենց որի գումարներով էլ նա կառուցել է իր առանձնատունը: Պարոն Զաքարյանը վստահեցնում է, թե իրենք 15 տարվա ընկերներ են»:
Պարոն Փաշինյանի համար տարօրինակ էր նաեւ այն, որ ԱԺ-ում այսօր ՎՊ ծրագրի ներկայացմանն անձամբ Իշխան Զաքարյանը ներկա չէր՝ ԼՂՀ-ում գործուղման մեկնելու պատճառաբանությամբ: Պատգամավորը հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկելու ծրագրին՝ որպես անվստահություն այդ կառույցին ու նրա գործող ղեկավարին: