Անջատեցին Զ. Փոստանջյանի խոսափողը (տեսանյութ)
Այսօր ԱԺ քառօրյայի մեկնարկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ԿԸՀ համամասնական ընտրակարգով ՕԵԿ խմբակցության պատգամավոր է դարձել Լեւոն Դոխոլյանը:
Նա փոխարինում է Խաչիկ Հարությունյանին, որը իր դիմումի համաձայն վայր էր դրել մանդատը՝ ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու նպատակով:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ այսօր վաղ առավոտից ՀՀ ինքնիշխանության ու արժանապատվության համար պայքարող ակտիվիստներ են բերման ենթարկվում ոստիկանության բաժիններ. «Ես՝ որպես պատգամավոր, մտահոգված եմ ու դատապարտում եմ այդ փաստը:
Արդյոք չարժե՞, որ ԱԺ-ն անդրադառնա այս իրավիճակներին: Այս գործողություններն իրականացվում են ահաբեկման նպատակով ու քաղաքացիական ակտիվիզմը ճնշելու համար»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ դատապարտում է յուրաքանչյուր անօրինականություն՝ անկախ նրանից, թե ում կողմից է դա իրականացվում. «Եթե լինի որեւէ դիմում, բողոք, ապա մենք կկազմակերպենք քննարկում ու կփորձենք ճշտել ճշմարտությունը»:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը եւս հորդորեց, որ Հովիկ Աբրահամյանը անձամբ միջամտի ու ակտիվիստներին շուտափույթ ազատ արձակեն: «Եղավ, ամեն ինչ կանենք, որ հարցին շուտափույթ իրականացնենք»,- խոստացավ Հովիկ Աբրահամյանը:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ 49 պատգամավոր նախաձեռնությամբ ակնկալում են, որ կառավարությունը հերթական անգամ, իրեն բնորոշ ձեւերով, չի փորձի տապալել ցանկացած նախագիծ, որը հանրության շահերից է բխում. «Եթե նման կերպ շարունակի, ապա մենք մեզ իրավունք ենք վերապահելու չմասնակցել կառավարության ներկայացրած որեւէ նախագծի քննարկմանը, այլ լինել ժողովրդի հետ՝ քննարկելու մեր հետագա անելիքները»:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը եւս անդրադարձավ առավոտյան տեղի ունեցած իրադարձություններին՝ նշելով, որ մեր Սահմանադրությունը կոպտորեն խախտվում է. «Արդեն չորս ժամից ավելի է՝ մի շարք ակտիվիստներ ոստիկանության բաժանմունքներում են ու նույնիսկ ներխուժել են ակտիվիստներից մեկի տուն, որը Սահմանադրության կոպիտ խախտում է: Պետք է հայտարարությամբ հանդես գանք, որ մեր ոստիկանությունը հանդես գա օրենքների ու Սահմանադրության կետերով»:
«Հատուկ ձեզ համար եմ ասում, պարոն Արզումանյան, որ գրավոր ձեզ կտեղեկացնենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ ավելի ուշ ավելացնելով, որ ակտիվիստները բաց կթողնվեն, նրանք վարչական պատասխանատվության են ենթարկվել:
Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, հայտարարեց, որ դա ոչ թե բարեկամացում, այլ նորից գաղութացում է: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ելույթը օրակարգի հետ կապ չունի եւ անջատեց պատգամավորի բարձրախոսը:
Զարուհի Փոստանջյանը, շարունակելով, ասաց, որ Հովիկ Աբրահամյանը տարրական էթիկա պետք է ունենա, որ ոչ միայն իր միկրոֆոնը չանջատեր, այլեւ իրենց խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի ծննդյան օրը շնորհավորեր:
«Իմ կոռեկտության վրա խնդրում եմ չկասկածել. մենք օրակարգը հաստատում ենք ու նոր միայն շնորհավորում ենք պատգամավորներին: Իհարկե, ոչ տիկին Փոստանջյանի հուշելով, շնորհավորում ենք ինչպես Թեւան Պողոսյանի, այնպես էլ Արտաշես Գեղամյանի ծննդյան օրը»: