Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը` Ռուսաստանի մանրադրամ»

Քաղաքականություն
d581f15e19a1da34cf206705f62768aa

Այսօր Նարեկացի արվեստի միության դահլիճում Նախախորհրդարանը կազմակերպել էր հանրային քննարկում-ներկայացում` նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի պաշտպանական ոլորտը թեմայով:

Քննարկման ընթացքում Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ Հայաստանն իրեն լիովին հանձնել է Ռուսաստանի ուժի քմահաճույքին և դարձել Ռուսաստանի մանրադրամը. «Հայաստանը Ռուսաստանի շահերի տիրույթում է, հատկապես պաշտպանական անվտանգության մասով: Բնականաբար նման պետությունը իրեն լիովին` 100 տոկոսով հանձնում է տվյալ աշխարհաքաղաքական ուժի քմահաճույքին: Տարածաշրջանում իրադրության փոփոխության, աշխարհաքաղաքական շահերի բալանսի հաշվեկշռի փոփոխության հետ կապված Հայաստանը դատապարտված է Ռուսաստանի մանրադրամը դառնալու, նրա շահերի զոհը դառնալու: Հայաստանը ինքնուրույնաբար իրեն զրկել է պաշտպանվելու հնարավորությունից»:

Վարուժան Ավետիսյանը նաև անդրադարձավ Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերություններին՝ նշելով. «Երկու կողմից էլ կա թելադրանք: ՀԱՊԿ-ի ձևավորման առաջին իսկ օրվանից ակնհայտ է, որ այդ կազմակերպության ձևավորման առաջին իսկ օրվանից այնպիսի ուժերի ներկայացուցիչներ են, որոնք բացահայտ կերպով ցույց են տալիս, որ իրենք միտում ունեն ՀԱՊԿ-ի շրջանակներում վերականգնելու Վարշավյան պայմանագրի հարաբերությունների ձևաչափը և, ըստ էության, ՀԱՊԿ-ի բոլոր անդամ պետությունների Զինված ուժերի ռազմավարական հրամանատարությունը կենտրոնացնելու Մոսկվայում` Ռուսաստանի կենտրոնում: ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները իրականացվում են Հյուսիսային դաշինքի մշակած սկզբմունքներով, Հայաստանը կարողանում է միայն ենթամարտավարական մակարդակի նախագծերում չնչին ճշգրտումներ մտցնել»:

Ելույթի ընթացքում Նախախորհրդարանի անդամները ներկայացրին իրավիճակից դուրս գալու իրենց տեսլականը, որը ենթադրում է քաղաքական, տնտեսական, ռազմական և հասարակական համակարգերի կտրուկ փոփոխություններ:

Քննարկմանը, բացի նախախորհրդարանի անդամներից, ներկա էր նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: