Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի ակցիա՝ Պուտինի այցելության օրը

Հասարակություն
1c61c78a69675acd313d2bc280ab0287

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ հանդես եկող քաղաքացիներից կազմված նախաձեռնող խումբը որոշել է բողոքի ակցիա իրականացնել դեկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին` Ազատության հրապարակում, որտեղից երթ է տեղի ունենալու Հյուսիսային Պողոտա - Հանրապետության Հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի Պողոտա - Բաղրամյան պողոտա - նախագահական նստավայր ուղղությամբ: Նախաձեռնող խմբի կազմում են նաև «Ազատ Դեմոկրատներ», «Ազգային ինքնորոշում Միավորում», «Ժառանգություն» և «Հայազն» կուսակցությունների անդամներ, «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ», «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի Գրասենյակ», «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» և բազմաթիվ այլ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև «Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը», «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնող խմբի և այլ նախաձեռնությունների ներկայացուցիչներ:

Հավաքը և երթը նպատակ ունեն պահանջել ՀՀ գործող իշխանություններից.

-Հարգել Հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատություններն ու իրավունքները,
-Գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան,
-Կասեցնել մաքսային միությանն անդամակցության գործընթացը,
-Հրաժարվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացից։
Կոչ ենք անում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ հանդես եկող բոլոր քաղաքական ու հասարակական ուժերին, նախաձեռնություններին ու անհատներին միանալ դեկտեմբերի 2-ին տեղի ունենալիք բողոքի միջոցառումներին:

«Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնող խումբ