Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պաշտպանները այլևս անելիք չեն ունենում»

Հասարակություն
c116ebb7db07a8142449f43771ee55d5

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը պարունակում է բազմաթիվ վտանգներ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Փաստաբանների պալատը։ Ազգային ժողով ներկայացված նախագիծը արդեն աղմուկ է բարձրացրել Հայաստանի փաստաբանական համայնքում:

Նրանց նախ և առաջ անհանգստացնում է նախագծում դեպոնացման ինստիտուտի առկայությունը. «Ինչ է իրենից ներկայացնում դեպոնացումը, մեղադրյալին տանում են դատարան, և դատավորի ներկայությամբ մեղադրյալը ցուցմունքներ է տալիս, ընդ որում` դատարանը իրավունք չունի մեղադրյալին հարցեր տալու, այսինքն` դատարանը, ըստ նախագծի, կատարում է նոտարի դեր:

Մեր երկրում այս ինստիտուտը կհանգեցնի նրան, որ շատ արագ մարդիկ ինքնախոստովանական ցուցմունք կտան և կդատվեն: Պաշտպանները այլևս անելիք չեն ունենում»,- «Ա1+»-ին փաստաբանների մտահոգությունն է փոխանցել Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, պալատի ակումբի համակարգող Մելանյա Առուստամյանը:

Նախագծում վտանգավոր կետերը այսքանով չեն ավարտվում, նշում են փաստաբանները։ Առկա լուծումները հակասում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին, փաստում են ընդդիմախոսները։

Խնդիրներ կան նաև անձի ձերբակալման դրույթներում. «Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով՝ վեց ժամ անձը առանց կարգավիճակի պահվում է անազատության մեջ: Նախաքննության մարմինն այդ վեց ժամվա ընթացքում շատ մեծ հնարավորություններ ունի հոգեբանական ճնշումներ գործադրելու և ցուցմունքներ կորզելու»: Նախագծում նաև նշվում է, որ անձը անազատության մեջ գտնվելով կարող է այդ մասին տեղյակ չպահել իր հարազատներին ։

Իսկ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի շուրջ փաստաբանների դժգոհություններին անդրադարձավ շատ կարճ` ասելով. «Քննարկվում են նրանց հետ»: