Գյուղտեխնիկայի աջակցություն սիրիահայերին
Սիրիական քաղաքացիական պատերազմն ու երկրում ստեղծված կացությունը տասնյակ հազարավոր մարդկանց ստիպել են հարկադրաբար լքել իրենց բնակավայրերը: Սիրիայի խաղաղ բնակչության հետ մեկտեղ հազարավոր սիրիահայեր տեղափոխվել են այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան և Արցախ:
Տասնյակ սիրիահայ ընտանիքներ այժմ բնակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում, Իշխանաձորում և առավելաբար Կովսականում, որտեղ բնակություն են հաստատել ավելի քան երկու տասնյակ սիրիահայ ընտանիքներ, մեծ մասամբ Քամիշլիից:
Կովսականում սիրիահայ ընտանիքների վերաբնակեցման, նրանց բնակարանային ու կենցաղային խնդիրների լուծման ուղղությամբ ԼՂՀ կառավարությունն ու այլ կազմակերպություններ աջակցության տարբեր ծրագրեր են իրականացրել:
Մի քանի ընտանիքներ արդեն ապահովվել են բնակարաններով, կառուցվում է երկհարկանի շենք: Սիրիահայ ընտանիքների կարևոր մասը զբաղվում է հողագործությամբ, որոնց տրամադրվել են բավականին մեծ հողակտորներ ու գյուղատնտեսական վարկ: Սիրիահայ ընտանիքներն արդեն իսկ սկսել են ցանել ցորեն և գարի:
Արցախի հարավարևմտյան հատվածի Ողջի գետի ափին գտնվող Կովսականում բնակություն հաստատած սիրիահայ ընտանիքներին աջակցելու նպատակով Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) նախաձեռնեց գյուղատնտեսական աջակցության ծրագիր, որով սիրիահայ մեր հայրենակիցներին անհատույց տրամադրվեց գյուղտեխնիկա: Ձեռք են բերվել 3 Բելառուս MT3-82.1 մակնիշի տրակտորներ, 2 սերմնացաններ, ցաքաններ,պարարտանյութերի ցրիչներ, թունաքիմիկատների սրսկիչ և այլ գյուղտեխնիկա:
Հողագործությամբ զբաղվող սիրիահայերը մեծ խանդավառությամբ ընդունեցին ՀԲԸՄ-ի նվերը: Գյուղտեխնիկայի սակավության պայմաններում այս ծրագիրը հավելյալ խթան կհանդիսանա ամրապնդվելու տեղում և առավել արդյունավետ դարձնելու գյուղատնտեսական աշխատանքները:
Ծրագրի իրականացման համար Կովսականում պատրաստվել է տրակտորների կայանատեղի, ինչպես նաև գյուղտեխնիկայի օգտագործման ծրագիր-ժամանակացույց, որը համակարգում է սիրիահայ վերաբնակիչ Վարդան Պողոսը:
Այս ծրագրի համար ՀԲԸՄ-ն տրամադրել է շուրջ 120 հազար ԱՄՆ դոլար: Այն
մեծապես կնպաստի Քաշաթաղի գյուղատնտեսության զարգացմանն ու սիրիահայ ընտանիքների խնդիրների լուծմանը: