Որոտանի ՀԷԿ-ը կվաճառվի
«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ գույքը կվաճառվի։ Այս մասին այսօր «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի խոսնակ Մարիամ Ստեփանյանը։
«Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 27-ի հրավիրած արտահերթ նիստում համաձայնություն է տվել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի գույքը վաճառելու համար։ Դա նշանակում է, որ գործարքը կարող է կատարվել այն մարմնի կողմից, ում պատկանում է ընկերությունը»,-ասաց Մարիամ Ստեփանյանը՝ հավելելով, որ ընկերությունը պետական է և պատկանում է պետությանը։
Բնապահպան ակտիվիստ, քաղաքագետ Գոռ Հակոբյանի կարծիքով՝ Որոտանի ՀԷԿ-ը չպետք է վաճառել կամ մասնավորեցնել։
«Գույքի վաճառքի համաձայնությունը նշանակում է, որ Հայաստանն այլևս որևէ պետական էներգետիկա վաճառող համալիր չի ունենա։ Որոտանի ՀԷԿ-ը պահելու համար պետությունը վարկեր է վերցնում և 2014-ի բյուջեով Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վերականգնման վարկային ծրագրի համար վարկ է վերցված՝ 5,13 միլիարդ դրամ»,-նշեց Գոռ Հակոբյանը՝ հավելելով, որ Որոտանի ՀէԿ-ը շահույթ բերող ընկերություն է և այն պետք է չվաճառվի։