ԵԽ պաշտոնյան գիտի, որ գաղտնալսվում է
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուզնեքսը զարմանում է բոլոր նրանց վրա, ովքեր զարմանում են, որ սոցիալական ցանցերում իրենց հետեւում են: Սնոուդենի բացահայտումը, ըստ նրա, բավական էր հասկանալու, որ իշխանությունները ուշի ուշով հետեւում են մեր գրառումներին եւ խոսակցություններին:
Հանձնակատարը գիտի, որ իրեն էլ են գաղտնալսում եւ իր ինտերնետային նամակները կարդում, ուստի ավելի զգուշավոր է:
ԵԽ ժողովրդավարության համաշխարհային ֆորումի աշխատանքային խմբերից մեկում քննարկվում էր իրավապաշտպանների պաշտպանության հարցը: Հանդիպման ժամանակ ՄԻ Հանձնակատարը նշեց,որ փաստն այն է,ո ր տեխնիկական միջոցներն ավելի արագ են զարգանում, քան իրավական միջոցները կպաշտպանեն մեզ:
Եվրոպայի խորհրդի նախկին պաշտոնյա Ջ. Կարնիեն նկատեց,որ իրականում կան հնարավորություններ պատժելու Մարդու իրավունքները չհարգող պետություններին .սակայն ոչ ԵԽ-ն, ոչ էլ ԵՄ-ն չեն փորձում առայժմ կիրառել այդ լծակները:
Եվրադատարանը առայժմ չի ունեցել մեծ թվով գործեր, որոնք այս կամ այն կերպ առնչվել են ինտերնետային ազատությանը: Եվրադատարանի բելգիացի դատավոր Պոլ Լեմենսն ասում է, թե իրենք գերխնդիրն է նման հայցերի դեպքում հավասարկշռել օգտատիրոջ օգուտն ու անանունության բացահայտման վնասները:
Չնայած վերջերս` հոկտեմբերին Եվրադատարանը մերժել է էստոնական հայտնի ինտերնետային թերթերից մեկի` Delfi-ի հայցը : Պարբերականը դիմել էր Եվրադատարան այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանը թերթին պատասխանատու էր ճանաչել ընթերցողի մեկնաբանության համար:
Եվրադատարանի դատավորը հարկ է համարում նաեւ հիշեցնել, որ ատելություն սերմանողները չեն կարող պատսպարվել Խոսքի ազատաության իրավունքի ետեւում: Դատարանն ունի իր` ատելության սերմանման ձեւակերպումը. այն է, ինչը ծնել է կամ ծնում է բռնություն:
Իսկ ամփոփելով մոտ երկու ժամ տեւած քննարկումը, ներկաները հանգեցին եզրակացության, որը իրավապաշտպաններն ավելի արդյունավետ կաշխատեն, եթե զգան հասարակության անմիջական աջակցությունը: Դժվար իրավիճակներում հայտնված իրավապաշտպաններին օգնելու իրենց միջոցներն ու փորձը ներկաները չեն պատրաստվում կիսել ցանկացած երկրի իշխանությունների հետ, որքան էլ նրանք բարյացակամ թվան:
Ինչպես նկատեց մասնակիցներից մեկը, երբեք չես իմանա, թե նրանք այդ ինչպես կօգտագործեն: