Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւր է 20 մլն դոլարը

Հասարակություն
3cecca3f6a18ea105d0f0abf14ca0edc

Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Ստեփան Խոյեցյանը ահազանգում է`
պետության կողմից արոտների անապատացման դեմ պայքարի համար Համաշխարհային բանկից և կառավարությունից վերցրած 20 մլն ԱՄՆ դոլարը ոչ նպատակային է օգտագործվում. «Պաշտոնական տվյալներով՝ մենք ունենք մոտավորապես 1 մլն հեկտար արոտ և 130 հազար հեկտար խոտհարք, որոնք տալիս են տարեկան արտադրվող կաթի շուրջ 70 տոկոսը և մսի կեսից ավելին, սակայն այս մեր ունեցվածքը աստիճանաբար կորցնում է իր նշանակությունը, քանի որ գյուղամերձ արոտները ու խոտհարքներն արդեն վերածվել են  անապատի`գերծանրաբեռնված օգտագործելու և ճմաշերտի խնամքի իսպառ բացակայության պատճառով»,- տեղեկացնում է նա:

Պարոն Խոյեցյանին հատկապես մտահոգում է այն փաստը, որ եթե այսպես շարունակվի, ապա շուտով լրջորեն վտանգվելու է բնակչությանը կաթնամթերքով ապահովելու ռազմավարական ծրագիրը. «Խոտհարքների անապատացումը բերում է խոտի դեֆիցիտի, ինչն արդեն մի քանի տարի է՝ բացասաբար է անդրադառնում կաթնամթերքի արտադրության վրա»,-նշում է նա:

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակի միակ ելքը մեր համապատասխան պատկան մարմինների ուշադրությունն է ու անհրաժեշտ խնամքը. «Հպարտանում են, թե այսքան հազար խոշոր եղջերավոր ենք բերել, բայց դրանք գերծանրաբեռնվածություն են ստեղծում, այսինքն՝ եթե մեկ հեկտարի վրա մի անասուն պետք է արածի, հիմա կրկնակի շատ է անասունների թիվը, դրանով նաև վնասվում են արոտավայրերը և արդեն կարգին խոտ էլ չի աճում: Ես նույնիսկ տեղեկություն ունեմ, որ այդ ներմուծված անասունների մեծ մասը սննդի հետ կապված խնդիրների պատճառով սատկել է: Պետք է խնամել ու պաշտպանել մեր արոտավայրերը, թե չէ անապատացումից հետո դա անհնար է դառնում»,-եզրափակեց նա: