«Արգիշտի Կիվիրյանին սպառնում է կալանավորում»
Այսօր, ժամը 11:00-ին, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանին կանչել են հատուկ քննչական ծառայություն՝ մեղադրանք առաջադրելու Կոմիտաս 5-ի գործով։
«Արգիշտիին սպառնում է կալանավորում,- ահազանգում է քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը: -Ռեժիմը ակնհայտ սկսել է ակտիվ, արժանապատիվ և պայքարող քաղաքացիների դեմ պայքար և ամեն գնով փորձելու է մեկուսացնել իրենց: Արգիշտի Կիվիրյանը մնում է ռեժիմի գլխավոր թիրախներից մեկը»:
Ակտիվիստները կոչ են անում այսօր, ժամը 11-ին հավաքվել Գլխավոր դատախազության մոտ ու սատարել Արգիշտի Կիվիրյանին։
Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` «Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»։ Սրան ավելի ուշ ավելացել է նաեւ սուտ մատնության հոդվածը՝ իբր նա սուտ տեղեկություններ է տարածել, թե ոստիկանները հարվածել են իրեն Կոմիտաս 5-ի պայքարի ժամանակ։
Այս 2 հոդվածները միասին մինչեւ 10 տարի ազատազրկում են ենթադրում։
Մինչդեռ, Արգիշտի Կիվիրյանը պնդում է, որ իր նկատմամբ են բռնություն գործադրել։