«Ինձ այսպիսի հայրենիք պետք չէ»
«Սասուն» ազգագրական երգի- պարի համույթի ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը որոշել է քաղաքական ապաստան խնդրել այլ երկրներից։ Այս մասին նա հայտարարել էր դեռ շաբաթներ առաջ։ Այսօր նա պնդում է իր մտադրությունը։
«Ինձ այսպիսի հայրենիք պետք չէ, իմ հայրենիքը իմ երեխան է, իմ տունն է, իմ հողն է ու ջուրը, որից ես սնվում եմ, իսկ եթե չեմ կարող սնվել եւ ապրել, իմաստը ո՞րն է այս երկրի մեջ ապրելու»,- «Ա1+»-ին հայտնեց նա։
Համույթի ղեկավարը նշում է, որ Մոսկվայից, Ֆրանսիայից, Ամերիկայից եւ Խորվաթիայից արձագանքել են իր խնդրանքին։
Անդրանիկ սարկավագ Մանուկյանը Սայաթ Նովա 10 շենքի բնակիչ է, որտեղ պատրաստվում են հերթական բարձրահարկը կառուցել, ինքն էլ ակտիվ պայքար է մղում դրա դեմ՝ հավաստիացնելով, որ շինարարությունն ապօրինի է։ Իսկ մինչ այդ որոշել է, որ ամեն ինչ անելու է օրենքի սահմաններում. «Պետք է գնանք մարդուն վայել, ոչ թե որպես քրիստոնյա ինձ խաբեն կեղծ փաստաթղթերով եւ այլն, թող ամբողջ աշխարհն իմանա, որ ես այս հող ու ջրի մարդ եմ, ինձ կտրում են, գնամ այնտեղ մարդուն վայել ապրեմ, ոչ թե որպես խաբեբա, սրիկա գնամ կաշառք տամ, փաստաթուղթ հանեմ»,- եզրափակեց նա։