Ի՞նչ էր նախատեսում փոփոխված Սահմանադրությունը (տեսանյութ)
8 տարի առաջ այս օրը Հայաստանում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։ Փոփոխություններին «այո» ասելու ամենածավալուն կոչը մի շենքի վրա էր, որը դատապարտված էր ոչնչացվելու։ Փոփոխությունների փաթեթը եվրոպացի փորձագետների սրտով էր։
Հանրաքվեից 12 օր առաջ ընդդիմությունը ժողովրդին կոչ էր արել բոյկոտել քվեարկությունը։ «Իշխանությունը, միեւնույն է, մնալու է նույն մարդկանց ձեռքում»,-հանրաքվեից երեք օր առաջ մարգարեանում էր ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։
«Էս երկրին միայն հեղափոխությունը կփրկի»,-ասում էր Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։ Ամբողջ ընդդիմությունը կասկած չուներ, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը կեղծելու է հանրաքվեի արդյունքները։ Հեռուստաընկերությունները լուսաբանում էին փոփոխություններին «այո» ասող գործիչների ելույթները։
Կոալիցիոն ուժերին՝ Հանրապետականին, Դաշնակցությանը եւ Օրինաց երկրին բոյկոտի կոչը չէր սարսափեցնում. «Կարեւորը, որ հանրաքվեն անցնի եվրոպական չափանիշներին համապատասխան»։
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը Հայաստանի քաղաքացիներին կոչ է անում անպայման մասնակցել հանրաքվեին եւ զգուշացնում՝ շատ ուշադիր հետեւելու ենք հանրաքվեի ընթացքին։ «Արդարություն» դաշինքը անմիջապես ընտրական հանձնաժողովներից հետ է կանչում իր ներկայացուցիչներին։
Պարույր Հայրիկյանը վստահ է, որ փոփոխությունների փաթեթը կանցնի առանց կեղծիքների։ Գալուստ Սահակյանը թիվ է ասում, թե ինչպես կբաշխվի քվեարկությունը՝ 80 տոկոս «այո», 20 տոկոս՝ «ոչ»։ Նա նկատում է, որ եթե ընդդիմությունը բոյկոտի հանրաքվեն, այն կմեծացնի արդյունքները կեղծելու հավանականությունը։
Հասարակության 80 տոկոսը, մինչդեռ, ըստ «Ժողովրդավարության կովկասյան ինստիտուտ» հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Արմենիկա Կիվիրյանի, համոզված է, որ իշխանությունը կկեղծի հանրաքվեն։
Ի՞նչ էր նախատեսում փոփոխված Սահմանադրությունը՝ այն նախատեսում էր երկքաղաքացիության արգելքի վերացում` Դաշնակցության պահանջն էր, նախագահի լիազորությունների սահմանափակում, դատական իշխանության անկախության մեծացում։
Դիտորդական առաքելություն իրականացնելու համար հանրաքվեին չհրավիրվեց միջազգային ոչ մի կազմակերպություն ԵԽԽՎ-ից բացի։ Քվեարկելու իրավունք ունեցողների թիվը մոտ 2 ու կես միլիոն մարդ էր։ Գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը առաջին քվեարկողներից էր ու նա քվեարկեց բաց։ Պատճառը՝ գաղտնի քվեարկությունը նրա իրավունքն է, ոչ թե պարտականությունը։ Ժողովուրդը տեղամասեր չգնաց։
Չնայած դրան հեռուստաընկերությունները ժամ առ ժամ փաստում էին, որ տեղամասեր այցելել է 100 հազար մարդ, 300 հազար մարդ։ Պարապուրդի մատնված հանձնաժողովներն օրվա վերջում ԿԸՀ-ին ներկայացրեցին պաշտոնական արդյունքները՝ հանրաքվեին մասնակցել է 1,5 միլիոն մարդ, որից միայն 100 հազարն են «ոչ» ասել փոփոխություններին։
Եվրոպացի դիտորդները քվեարկողների մասնակցությունը գնահատեցին ծայրահեղ ցածր, իսկ ԿԸՀ արդյունքները՝ ուռճացված։ Ընդդիմությունը ցնցված էր, բայց՝ անզոր։ Հետագա օրերին նրանք կրիտիկական զանգված էին փնտրում իշխանության վրա ազդելու համար։
«Ամոթ ձեզ»,-եռագույն դրոշը համբուրելուց հետո որեւէ մեկին նկատի չունենալով ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ոստիկանությունը ծայրահեղ տրամադրված ընդդիմադիր գործիչներին զգուշացրեց՝ մենք վճռականորեն հակադարձելու ենք։
2007-ին սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ առանձին վերցրած մեկ կուսակցությունը դարձավ խորհրդարանական իշխող մեծամասնություն։ Նման բան չէր գրանցվել չբարեփոխված սահմանադրության տարիներին։ 2008-ին ոստիկանությունը եւ բանակը վերջապես առիթ ունեցան լինելու վճռական՝ նախագահի ընտրություններից հետո նրանք Երեւանի կենտրոնում սպանեցին 10 մարդ։ Հայաստանում կտրուկ աճեց արտագաղթը։
Մինչդեռ Հանրապետականը 2007-ի խորհրդարանական ընտրությունների իր նվաճումը կրկնեց 2012-ին։ Դատարանների անկախության մեծացման մասին բավական է ասել, որ Հայաստանում այս տարի գրանցվեց բացառիկ դեպք՝ դատավորը դարձավ դատախազ։