«Նորից բարիկադնե՞ր պետք է սարքենք»
«Մաքսային միությունը բխում է մեր ազգային-կենսական շահերից, և այստեղ հիմնական խնդիրները վերաբերում են և´ տնտեսական, և´ ռազմական ու տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերին», -այսօր «Հայաստանը փակուղում, թե խաչմերուկում. Վիլնյուսից առաջ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
Պատգամավորը հավելեց. «Եթե մենք ուշադրություն դարձնենք, ապա կնկատենք, որ մեր երկրի հիմնական արտահանումը գնում է դեպի Մաքսային միության երկրներ: Բացի այդ, էներգետիկ ռեսուրսների մեծ մասը ներկրվում է Մաքսային միության երկրներից` մասնավորապես գազը ներկրվում է ՌԴ-ից»:
Մհեր Շահգելդյանի կարծիքով՝ ՄՄ-ն չի խոչընդոտի Եվրամիության հետ Հայաստանի հետագա համագործակցությանը. «Այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել մեր քաղաքական, իրավական, արդարադատության ինստիտուտների արդիականացման հետ կապված, կան և շարունակում են մնալ, և Հայաստանը շարունակում է այդ ուղղությամբ աշխատել»:
Քննարկմանը ներկա էր նաև ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, ով կոչ արեց քաղաքական ուժերին չմասնատվել ու ջոկատների չբաժանվել. «Հիմա ինչ, նորից բարիկադնե՞ր պետք է սարքենք, բաժանվենք երկու մասի` տեսնենք որն է ճիշտ, որը` սխա՞լ: Առայսօր առանց հուզական զգացմունքների չի եղել սառը քննարկում:
Մենք ունենք Հայաստանի Հանրապետություն, որն իր անկախ տարիների ընթացքում հասել է նրան, ինչ ունենք այսօր»: Արամ Սարգսյանը, կողմ արտահայտվելով Հայաստանի անդամակցությանը ՄՄ-ին, հավելեց, որ Հայաստանը չընտրեց Եվրոպական ասոցացման պայմանագիրը հենց Եվրամիության պատճառով. «Ինչո՞վ էին նրանք զբաղված այս 22 տարվա ընթացքում, բարեփոխումներո՞վ:
Դատական համակարգ էին բարեփոխում, ոչինչ չեղավ, կառուցվածքային փոփոխությունների համար 220 միլիոն դոլար ծախսվեց, ու կարող եք ինձ ասել, որ դրանցից հետո կառավարման համակարգը դարձել է արդյունավե՞տ: Դրա հետ մեկտեղ՝ ունենք 4 միլիարդ դոլարի արևմտյան պարտք, ու չեն արել այն անհրաժեշտ քայլերը, որ տնտեսությունը զարգանա, պարտքը մարի»,-ասաց ՀԴԿ նախագահը։
«Իշխանության ներկայացուցիչները տարիներ շարունակ հայտարարությունների մակարդակով համոզմունք էին հայտնում, որ Հայաստանը գնում է դեպի Եվրոպա, իսկ վերջին ամիսներին իշխանական կուլիսներից ստանում էինք տեղեկություններ, որ, այնուամենայնիվ, Ասոցացման համաձայնագիրը ստորագրվելու է»,- հավելեց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը:
Ըստ նրա Սերժ Սարգսյանի Մաքսային Միության անդամակցելու որոշումը շոկ էր ոչ միայն իր համար , այլև իշխանական ամենաբարձր օղակների. «Այս հայտարարությունը եղել է առանց նախնական քննարկման ու սպոնտան ձևով, ու փաստն այն է, որ մենք ունենք ինֆորմացիոն մի սով, ուստի դժվար է եզրակացնել՝ ի՞նչն է դրդել երկրի ղեկավարին նման որոշում կայացնել, այդ ի՞նչ սպառնալիքներ, շանտաժ է կիրառվել նրա վրա, որ սեպտեմբերի 3-ին հայտարարվեց ՄՄ անդամակցության մտադրության մասին, ի վերջո, ի՞նչ է կատարվում, որ իշխանությունը գնաց նման անսպասելի քայլի: Դատելով խառնաշփոթից՝ մենք չենք կարող լիարժեք հետևություններ անել, թե ինչ է կատարվում, ուր է գնում Հայաստանը»,- ասաց Արմինե Օհանյանը: