«Գարեգին Բ-ն Ադրբեջանում անզոր է»
Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի մայրն ու եղբայրը երեկ հանդիպել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին: Այս մասին «Ա1+»-ին հաղորդեց Հակոբի եղբայրը` Հարություն Ինջիղուլյանը:
Նա ասաց, որ իրենք կաթողիկոսին խնդրել են քայլեր ձեռնարկել` իրենց որդուն տուն վերադարձնելու համար. «Հանդիպմանը ես նրան ասացի` Դուք որպես Ամենայն հայոց կաթողիկոս կարող եք գոնե մասամբ հարցին լուծում տալ, ասաց` չէ, և հիմնավորեց, որ Ադրբեջանը այն երկիրն է, որտեղ ինքը անզոր է, նաև ասաց, որ Ադրբեջանը չի ընդունում հոգևոր առաջնորդ կամ ինչ-որ մի բան: Բացի այդ, ասաց, որ Փաշազադեին խնդրել է այցելել Հակոբին, որով իսկ մեծ գործ է արել»,- նշեց Հարությունը:
Նա նաև անդրադարձավ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությանը, թե Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նամակ է փոխանցել Գարեգին Բ-ին. «Կաթողիկոսը սարկավագին կանչեց, խնդրեց փոստը ստուգի` տեսնի նամակը հասե՞լ է, թե՞ ոչ: Սարկավագը փոխանցեց, որ նամակը դեռ չի հասել: Րոպեներ անց վեհափառը հիշեց և ասաց, որ նամակը գտնվում է ԱԳՆ-ում, մոտ ժամանակներս իրենք նամակը կվերցնեն: Վերջում էլ հույս հայտնեց, որ գոնե միջազգային կառույցներն այս հարցը կլուծեն»,- հաղորդեց Հարություն Ինջիղուլյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի, լույս 8-ի գիշերը՝ ժամը 3:00-ի սահմաններում, Ադրբեջանական տարածքում էր հայտնվել զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը։