Շանթ Հարությունյանի պաշտպանն այսօր հայց կներկայացնի
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն այսօր հայց է ներկայացնելու Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Այդ որոշման համաձայն՝ Շանթ Հարությունյանը 2 ամսով տեղափոխվել է հոգեբուժարան՝ ստացիոնար փորձաքննության ենթարկելու համար։ Ինեսա Պետրոսյանի խոսքերով՝ Շանթ Հարությունյանը հոգեկան խնդիրներ չունի եւ նոյեմբերի 19-ի կայացրած որոշումն անհիմն է։ Որոշումից երկու օր անց՝ նոյեմբերի 21-ին, ԱԱԾ մեկուսարանից Շանթ Հարությունյանը տեղափոխել էր Նուբարաշենի հոգեբուժարան՝ փորձաքննության։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց պաշտպանը, հենց տեղափոխման օրն է այցելել Շանթ Հարությունյանին եւ ամեն ինչ նորմալ է եղել։ Սակայն այս օրերի ընթացքում ինչ զարգացումներ են տեղի ունեցել, չի կարող ասել։ «Եթե ժամանակը թույլ տա, այսօր կայցելեմ նրան»,- խոստացավ Ինեսա Պետրոսյանը։ Հիշեցնենք, նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակից դեպի նախագահական նստավայր ծրագրված երթի ժամանակ բախում տեղի ունեցավ ոստիկանների եւ երթի մասնակիցների միջեւ, ոստիկանություն բերման ենթարկվեց 4 տասնյակ անձ։ Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն։ 2008 թվականի մարտի 1-ից հետո էլ Շանթ Հարությունյանը ձերբակալվել էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու հոդվածով, սակայն անմեղսունակ էր ճանաչվել։