«Հայաստանի համար սկսվում է գեոպոլիտիկայի ցիկլ»
«Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը ռազմավարական տեղաշարժի արձանագրում է»,-կարծում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
Քաղաքագետն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց նաև Հայաստանի ՄՄ անդամակցելու որոշման մասին։
«Հայաստանի համար սկսվում է գեոպոլիտիկայի ցիկլ։ Այդ ցիկլում Ռուսաստանը Հայաստանին դիտում է բարեկամ երկիր, Ռուսաստանը Հայաստանի հանդեպ գեոպոլիտիկայի օրինաչափություններ օգտագործեց, իսկ Ուկրաինայի հանդեպ՝ տնտեսական ճնշում։ Դժվարանում եմ ասել՝ Ուկրաինան կմտնի ՄՄ, բայց ԵՄ չի գնա, դա փաստ է»,-ասաց քաղաքագետը։
Լևոն Շիրինյանն այսօր հիշեց 1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի և Սովետական Ռուսաստանի միջև կնքված Դրո-Լեգրան պայմանագրի մասին։
Ըստ նրա, այդ պայմանագրով են կարգավորվում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։
«Պայմանագիրն ունի 8 կետ, որոնցից 3-ն այսօր այժմեական են։ Առաջինը՝ Ռուսաստանն ընդունում է Հայաստանի անկախությունը, բայց սոցիալիստական։ Երկրորդ կետը մի քիչ խառը հարցեր են, իսկ երրորդ կետն ասում է, թե Սովետական Ռուսաստանը որ տարածքներն է դիտում որպես Հայաստան. Երևանի նահանգ ամբողջապես, որի կազմի մեջ էր մտնում Նախիջեւանի հատվածը։ Ռուսաստանը այս տարածքները Հայաստանի անքակտելի մաս է դիտում։ Պետք է սա հիշեցնել մեր բարեկամներին»,-ընդգծեց քաղաքագետը։
Ռուսաստանի հետ հարաբերությունները էլ ավելի մեծացնելով, Լեւոն Շիրինյանը Հայաստանի անվտանգության շեմի բարձրացում է տեսնում։
«Մենք մտնում ենք դժվարին մի ժամանակաշրջան, որտեղ կարող ենք շահել, եթե մեր քաղաքական, մտավոր Էլիտան կպնի պետություն ստեղծելու գործին։ Մենք հնարավորություն ենք ստանում ամրապնդել մեր պետականությունը»,-եզրափակեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։