«Իշխանությունները պետք է դիմեն միջազգային դատարան»
Հայաստանը ցանկացած պահի կարող է ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջոցով հաստատել Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի վավերականությունը։ Վստահեցնում է դիվանագետ Արա Պապյանը։
Ուղիղ 93 տարի առաջ այս օրը Ամերիկայի Միացյալ նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրել է հայտնի իրավարար վճիռը՝ խիստ բարենպաստ Հայաստանի համար, բայց մինչ օրս՝ թղթի վրա։
Այն, որ Հայաստանի երրորդ հանրապետության իշխանություններն այդպես էլ չեն դիմել միջազգային դատարան, դիվանագետը սխալ է համարում. «Որովհետև դա մեծագույն լծակ կլիներ մեր արտաքին քաղաքականության ձեռքին՝ մեր հարևանների նկատմամբ»։
Իրավարար վճիռները չունեն ժամկետային սահմանափակում և անբեկանելի են
Բայց արդյո՞ք Մաքսային միությանը մեր անդամագրվելը չի՞ ազդի վճռի մեկնաբանման վրա, եթե Հայաստանը, ի վերջո, դիմի ՄԱԿ-ի դատարան։
«Իրավական առումով մենք խնդիր չենք ունենա, բայց քաղաքական առումով լուրջ խնդիրներ կարող են առաջանալ, որովհետեւ Հայաստանի հետագա հզորացումը կդիտարկվի ոչ թե Հայաստանի հզորացում, այլ Ռուսաստանի հզորացում»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Արա Պապյանը։
Ընդհանրապես, պարոն Պապյանը կարծում է, որ այս օրը՝ նոյեմբերի 22-ը, մեր օրացույցում պետք է նշվի հայրենատիրության օր։ Այս առաջարկը նա բազմիցս է ներկայացրել կառավարությանը, ինչը մերժվել է։
«Հարցի կարեւորությունը չի գիտակցվում։ Իսկ կարեւորությունն այն է, որ նշելով հայրենատիրության օրը, հետագայում կխուսափենք այն պատրվակից կամ պատճառից, որը կարող են մեր դեմ հանել՝ ասելով, որ Հայաստանն իր անգործությամբ ցույց է տվել, որ ինքը համաձայն է ստեղծված իրավիճակին»,-ասաց դիվանագետը։
Հիշեցնենք,որ Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ է։ Ըստ վճռի, Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա` ընդհանուր առմամբ 103. 599 քառ կմ: